ԳլխավորՄի կտոր գիրք

«Ես կամ սիրում եմ, կամ սերը հերքում». Արևի աղջիկ Բիա

Աղջիկ, կին

Արևի աղջիկ ԲիաԴեռ չծնված՝ անունս վաղուց որոշված է եղել։ Հայրս որոշել էր, որ աղջիկ ունենալու դեպքում անունս պիտի լինի Բիայնա։ Շատ եմ սիրում անունս, ուրիշ անունով ինձ չեմ էլ պատկերացնում։

Խոսել սկսել եմ բավականին շուտ՝ 1 տարեկանից, և շատ հստակ, առանց բառերն աղավաղելու, 1-1,5 տարեկանում արտասանել եմ ծավալուն բանաստեղծություններ։

Առաջին ու վերջին անգամ‍ տնից գնացի 5-6-րդ դասարանում, երբ մայրս այդ օրը արգելեց մաթեմատիկայի խմբակի գնալ, դե ես էլ՝ ըմբոստս, որոշեցի գնալ տատիկ-պապիկիս մոտ (ճանապարհը բավականին հեռու՝ մի քանի կիլոմետր ոտքով)։ Հետո բնականաբար տան բոլոր անդամների փնտրտուքներից և համոզելուց հետո ինձ վերադարձրեցին տուն…

Առաջին բանաստեղծությունս գրել եմ 8 տարեկանում, երկրաշարժի մասին էր, երկրորդը՝ գարնան… և ընդամենը 3 տարի է, ինչ սկսել եմ ստեղծագործել…

Դպրոցական տարիներին չգիտեի, որ բարձրահասակ լինելն առավելություն է (172 սմ է հասակս, մտածում էի շատ է, հիմա մտածում եմ՝ քիչ է…)։

Հորոսկոպով Երկվորյակ եմ։ Առաջին անգամ սիրո խոստովանություն ստացա 8-րդ դասարանում‍։

Երազում էի բժիշկ դառնալու մասին։

Կրթությունս ՝ ՀՊՃՀ-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, որը բացարձակ իմը չէր։ Մինչև հիմա մեխանիկան և բարձրագույն մաթեմատիկան ինձ համար տարօրինակ ու անըմբռնելի առարկաներ են…‍

Որպես երկրորդ մասնագիտություն՝ ընդունվեցի մանկավարժական համալսարան՝ կենսաբանության բաժին, միանգամից երկրորդ կուրս, և չգնացի…

Անընդհատ նոր մասնագիտություններ եմ սովորել իմ կյանքի տարբեր տարիներին՝ հաշվապահություն, կոսմետոլոգիա, մոդելավորում և կար։ Ինձ թվում է՝ դեռ էլի պիտի շարունակվի։

Նաև նկարում եմ։ Շատ եմ սիրում ծով ու արև…

***

Ինձ չեն հասկանում՝
Ինձ կամ մերժում են,
Կամ էլ՝ ընդունում
Մտքի վեհության
Ամբողջ խորությամբ։

Ինձ չեն մոռանում՝
Կամ վերծանում են,
Կամ էլ ինձ ատում
Սեփական հոգու
Ողջ ճղճիմությամբ։

Ինձ չեն կարեկցում՝
Կամ հեռանում են,
Կամ էլ ինձ պաշտում
Մարդկային սրտի
Անանց մաքրությամբ։

Բայց երբ խաղում են՝
Կամ ինձ պարտվում են,
Եվ կամ էլ՝ զղջում,
Խաղը պարտվողի
Անճարակությամբ։

Իսկ ես ներում եմ,
Չէ՞ որ խաղում եմ
Խաղն իմացողի
Հստակ հմտությամբ։

Կամ էլ՝ մերժում եմ
Խաղը հաղթողի
Եվ վերծանողի
Դիպուկ ճշտությամբ։

Ես չեմ երկմտում՝
Ես կամ սիրում եմ,
Կամ սերը հերքում։
Ես չեմ հարմարվում՝
Ես կամ ապրում եմ,
Կամ՝ խելագարվում։

***

Ինչպե՞ս մոռանամ,
Ինչպե՞ս հասկանամ,
Որ չխենթանամ,
Որ չմանրանամ.
Ինչպե՞ս հաշտ լինեմ,
Համաչափ լինեմ.
Քեզ հետ, քո կողքին
Ինչպե՞ս ես քայլեմ
Հավասարաչափ,
Երբ վաղու՜ց արդեն
Մեր ճամփաները
Գնում են դեպի
Հակադարձություն՝
Անհայտ ուղղությամբ։

Սիրտս նվվում է
Մի աներևույթ,
Հոգնությամբ անուժ,
Հոգիս չի այրվում
Կրակներում բոց,
Գիտեմ՝ դադար է
Մենախոսության,
Վերապահումով՝
Մտքի հաշտության
Եվ արդարության,
Որ չդադարեմ
Կոչվել ինքնություն,
Որ չդադարեմ
Լինել խենթություն։

Եվ հիմա, վաղու՜ց,
Երբ ուշ է արդեն,
Եվ հուշ է արդեն,
Դու այս ամենից
Ինչո՞ւ ես մաշվում,
Ինչո՞ւ ես նվվում,
Ի՞նչն ես համարում
Փրկություն որպես՝
Եվ ի՞նչ հորդորում՝
Ժխտել այն, ինչ կա՞,
Թե՞ համակերպվել՝
Նրան՝ ինչ չկա։

Ինչ֊որ մի դալուկ
Իրականություն
Շշնջում է լուռ
Ականջիս՝ ասում,
Թող ինձ իմ անգին
Եվ իմ մեծագին
Սեր իմ թանկագին։

***

Դու ինձ սիրել ես
Ամեն ինչից վեր,
Եվ պաշտել ես ինձ
Ամենքից էլ վեհ։

Ամեն բան մերժել,
Ամեն ինչ հերքել,
Եվ ամենքից զատ
Ինձ դարձել ընկեր։

Ինձ հետ տխրե՜լ ես,
Ինձ պես խենթացե՜լ,
Ինձ հետ գժվե՜լ ես,
Ինձ պես մանկացե՜լ։

Ինձ հետ շառաչել,
Ինձ հետ հառաչել,
Մեղանչել ինձ հետ,
Բայց և վեհացել։

Ապրել ես ինձնով,
Եվ արբել ինձնով,
Թեև պաշտել ես,
Նաև «ատելով»։

Եվ հակասական
Թվացող ելքում
Մի անհնարին
Հարց է ինձ տանջում։

Ու եթե ոչ դու`
Ապա էլ ո՞վ է…

Ի՜նձ փայփայելու,
Ի՜նձ գուրգուրելու,
Սիրտս շոյելու,
Ձեռքս բռնելու։

Կրկին ու նորից,
Նորեն, նորովի
Ինձնով ապրելու,
Ինձնով շնչելու։

Եվ եթե ոչ դու`
Ապա էլ ո՞վ է
Իմ ու քո հոգին
Հիմքից կերտելու։

Ձեռքդ տուր, իմ խե՜նթ,
Իմ անվերջակետ…

***

Թե սիրում ես,
Սիրի՜ր անկեղծ,
Անմնացո՜րդ…

Թե ատում ես,
Ատի′ր,
Թեկուզ լինեմ
Ես ավելորդ…

Թե հերքում ես
Գոյությունն իմ
Անհերքելի,
Հերքի′ր,
Ու թե պետք է,
Դու ինձ դարձիր
Հակառակորդ։

Թե մերժում ես,
Մերժիր նախ քեզ,
Որ թույլ չտաս
Քայլ առանց քեզ,
Որ լինելդ
Չհամարվի
Առարկություն
Գոյության մեջ…

Բայց պաշտելի՜ս`
Պաշտիր ինձ պես,
Գլուխդ վեր,
Խիղճդ անեղծ,
Որ չծնկես
Հանկարծ անտես,
Ու չդառնաս
Անզոր, անքեզ…

Լռի′ր ինձ պես,
Ու տար հոգուդ
«Խրախճանքը»
Կրկին ինձ պես…

***

Դեռ քանի՜ անգամ
Պիտի «մահանամ»,
Որ ինձ ունենամ։

Քանի՜ անգամներ
Պիտի խենթանամ՝
Ետ վերադառնամ։

Դեռ քանի հարյուր
Հուշացած մտքեր
Պիտի հեռանան
Ու ետ չդառնան,
Որ քո աչքերի
Հայացքում անդուլ
Կրկին խենթանա՜մ,
Կրկին նորանա՜մ։

Քանի խենթացնող
Գիշերներ մավի
Պիտի լուսանան
Արթուն, անմեկին,
Ու քանի՜֊քանի՜
Սերեր նոր եկող
Պիտի ես մերժեմ
Հանուն այն մեկին…

Որ վերադառնամ
Հոգուս խնջույքին։

***

Տխրում եմ երբեմն
Ես կիսատվելուց,
Ա՜խր ամբողջ էի…

Ա՜խր իմ սիրտը
Ինչու՞ բարակեց,
Ինչպե՞ս հավակնեց
Լինել թուլություն,
Եվ կամ համարվել
Գուցե թերություն՝
Գետերից հետո
Մի բարակ առու։

Տխրում եմ երբեմն
Իմ հանդարտվելուց,
Չէ՞ որ հորդում էի
Ես իմ մտքերի
Վարար լինելուց,
Չէ՞ որ խորշում էի
Ես մոռացվելու՜ց,
Եվ ուշանալու՜ց…

Հիմա՝ ուզում եմ…
Փափագում անգամ
Մի պահ ուշանալ
Հարկ եղած վայրից,
Հարկ եղած պահից,
Կամ էլ՝ ետ դարձի
Այն ճամփաներից,
Որ ետ են բերում
Ճիշտ նույն հասցեով,
Նույն հանդարտությամբ
Եվ նույն ճշտությամբ։

Հիմա խենթերի
Հասցեն եմ փնտրում,
Ո՞վ գիտի, կասե՞ք,
Գրեք, իմանամ…

***

Մենք նույն քաղաքում
Իբրև՝ անծանոթ,
Մենք նույն քաղաքում
Իբրև՝ անցյալում,
Դու ինձ՝ հարազատ,
Ես քեզ սրտամոտ,
Մենք նույն քաղաքում՝
Իբրև մի անցորդ…

Մենք նույն քաղաքում
Նույն արևից ենք
Անվերջ ջերմանում,
Նույն մայթերով ենք
Քայլում ու անցնում,
Նույն ամբոխին ենք
Հաճախ խառնվում
Մեր նույն քաղաքում…

Հայացքներն անգամ
Թե՛ իմ և թե քո՜
Հաճախ դառնում են
Նույնականություն,
Այդքա՜ն հարազատ,
Այսքա՜ն միասին…
Մենք «անծանոթ» ենք
Այդ նույն քաղաքում։

***

Կարոտել եմ քեզ…
Ուղիղ երեք բառ,
Ուր միանգամից,
Միաժամանակ
Տեղավորվում է
Անսահման ու մեծ
Հավիտենություն…

Ուղիղ երեք բառ,
Ուր համատարած,
Առանց կեղծելու՝
Միաձուլվում են
Բառեր՝ ի զորու
Փոխելու մի ողջ
Անկատար աշխարհ՝
Կատարելության…

Ուր խառնվում են
Ուղիղ երեք բառ՝
Բոլորից հեռու
Եվ բոլորից զատ՝
Պատկանում հենց քեզ
Քո իսկ ցանկությամբ,
Համաձայնությամբ,
Եվ քո կարոտի
Խտրականությամբ…

***

Լսի՛ր,
Սիրելի՜ս…
Կենացդ ասեմ…
Կենացիդ համար
Հոգիս եմ բացել.
Բայց թող և փաստեմ
Նաև՝ հաստատեմ,
Որ կենացը իմ
Տարբեր է ու խենթ.
Թե խոսքեր ասեմ
Վաղուց հնեցված՝
Խոսքս կդառնա
Գուցե մոռացված,
Եկ կենաց ասեմ
Առանց խոսքերի,
Առանց բառերի,
Առանց հանգերի,
Տողատակերի…
Թող խենթ հայացքով
Հոգիս պարուրվի
Հոգուդ հետ սիրով, ջերմ ու սրտամոտ.
Հոգուս ձեռքերը
Հոգուդ ափերում թող հանգրվանեն…
Բայց նաև ինձ պես
Ու հաստատապես՝
Ինչպես խելահեղ ծովի մի ալիք
Հոգիդ թող փարվի հոգուս թափանցիկ…
Կենացդ…. հոգի՜ս…
Առանց խոսքերի,
Առանց բառերի,
Առանց հանգերի,
Տողատակերի…
Միայն ու միայն
Հոգո՜վ… իմ հոգի՜…

Արևի աղջիկ Բիա