ԳլխավորԶբոսանքներ Մարտինայի հետՄարս VS Վեներա

«Իմ մեջ ապրող սերերի մեջ ամենից կրքոտը եղար…». Սիրահարների օրվա առթիվ

Սիրահարների օրվա առթիվ մի քանի ստեղծագործություն՝ Մարտինայից։

***

Իմ մեջ ապրող սերերի մեջ ամենից կրքոտը եղար,
Ու քո վերջին հպումներից հետո,
Ոչ ոքի թույլ չտվեցի դիպչել ինձ։
Դու ամենագունեղ ներկապնակն էիր,
Որի մեջ երանգն իր նրբերանգներն ուներ։

«Քո աչքերում հոգիդ տեսա ու սիրեցի…»։
Վախենում եմ կորցնել հոգուս մեջ,
Վախենում եմ ուղեղս դավաճանի
Ու կորցնեմ քեզ…
Արթնանամ, ու չլինես սրտումս,
Արթնանամ՝ էլ չլինես…

Ուզում եմ գալ մոտդ ու էլի ներկերիդ հոտը շնչել,
Էլի նայել թռչուններիդ, լսել…
Էլի սուրճ եփել, էլի գրկել…
Էլի մեզանով օծել բազմոցը,
Էլի նայել աչքերիդ ու ասել՝ կարևոր ես, քոնն եմ, ու դու իմն ես։

Էլի այդ կիսախավարը գալ,
Ու մոռանալ մարդկային ստորությունները,
Առօրյա ցածրություններն ու
Գոյատևման բնազդները բոլոր։
Ջնջել վերջին օրը,
Ամբողջը ջնջել ու նորից սիրահարվել,
Կրկնել առաջինը,
Պարզապես փեշս բարձրացնել։

***

Նրա մեն մի զանգից կենդանանում եմ, սկսում սիրել աշխարհը ու ամեն ինչ։ Ես խենթացել եմ, ես արդեն շատ եմ խորացել նահանջի համար։ Ես դառել եմ հնազանդ։ Այո։ Ես փոթորկվում եմ, բայց գլուխս խոնարհված է։ Գրո՛ղը տանի Քեզ։ Ինձ էլ։ Որովհետև երբ էնտեղ լինես ես էստեղ մենակ չեմ կարող։ Քեզ մոռացել էի, էլի ասեղով փորեցիր հիվանդ ներվը, հիմա ո՞նց քնեմ էս Սրտացավով, ասա՝ ո՞նց։

Բղավելու եմ վաղը, քեզ ուղարկելու եմ էն աշխարհ ու հետո համբույրներով ողողեմ դեմքդ։ Հենց ուզես հայհոյել՝ լեզուդ կծելու եմ, որ մի տարի դժվարանաս խոսել։ Որ էլ չցավեցնես։ Իսկ մարմնիդ ամեն ոսկորը, ամեն մկանը զգալու եմ ափիս տակ։ Քո խոշոր մարմինը հենելու եմ պատին, չեմ թողնելու դիպչես ինձ։ Պատժելու եմ։ Դու շնչակտուր ներողությունների շարք ես շշնջալու։ Խոսքերիցդ թուլացած բաց եմ թողնելու Քեզ, իսկ Դու ամուր ձեռքերով սեղմելու ես ինձ մարմնիդ։ Ցավեցնելու ես նիհարիկ մարմինս ու արդեն չդիմանալով՝ ճչալու եմ։ Իսկ Դու նայելու ես աչքերիս մի րոպե լուռ ու ինչ֊որ զզվելի միջատի անուն ես տալու, կցելով. «Կարոտել էի…»։

***

Որոշեցի հեռանալ քո կյանքից։
Վերցրեցի հուշերի ճամպրուկը,
Կայծակ֊շղթան կոճկեցի,
Ու ծանր քարշ տվեցի ետևիցս։ ….
Փոշոտ փողոցներով տարա,
Կենդանիների արտաթորանքների միջով,
Անձրևաջրերի փոսերով։
…Քանի որ դու ապրում էիր ճամպրուկում,
Ես քո մեջքը ցավեցրեցի,
Կեղտոտեցի անբիծ մարմինդ,
Կապույտ աչքերիցդ մի կաթիլ արցունք պոկեցի,
Բայց չհամբուրեցի ցաված տեղը,
Ես… ճամպրուկը մոռացա դռան մոտի պահարանում։

ՄԱՐՏԻՆԱ

Comment here