Վիլո Մաթոսյանը ծնվել է 1993 թ. Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում։ Սովորել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում։
***
Սիրիր քո թշնամուն, որովհետև առանց սիրո չես սպանի նրան…
Պատերազմը հերոսացնում է նահատակներին
ու սպանում ողջերին…
Հիմա քաղաքիս աղբանոցներն էդքան լիքը չեն, որքան ես
փողոցներն էդքան դատարկ չեն որքան իմ հոգին.
Մարդիկ էդքան սառն ու անտարբեր չեն, որքան իմ ոչինչ չասող հայացքը…
Էս անտարբերության ճանապարհին նույնիսկ կանգառներն են շտապում լքել
մենակ թե չսպասեն մեզ,
Որովհետև սպասումը հիմա հիվանդություն է դարձել։
Հիմա չգիտենք
սպասենք, թե երբ ենք մենք գնալո՞ւ,
թե՞ սպասենք նրանց, ովքեր գնացել են…
Պատերազմը ոտքի է հանում մահացածներին
ու ծնկի բերում
ողջերին…
Սիրիր քո թշնամուն, որովհետև սերն ամենազզվելի բանն է պատերազմում…
***
Ես գիտեմ թե մարդիկ ինչ են ուզում.
Նրանք ուզում են արև լինի,
Իսկ ես գիշերն եմ սիրում:
Հազարավոր բառերի փոխարեն
Սերն է,
Իսկ ես բառեր եմ շատ սիրում.
սիրում եմ սիրո մասին գրել, բայց մարդիկ չեն սիրում ինձ,
Որովհետև սերը բառերի մեջ չէ…
սիրում եմ ժպիտի մասին գրել
Իսկ հազարավոր բառերի փոխարեն
մարդիկ ժպիտն են սիրում…
հազարավոր բառերի փոխարեն մարդիկ լռությունն են սիրում,
բայց եթե չխոսեմ
ինձ չեն լսի…
Ես չեմ ժպտում,
ինձ չեն նայում,
Ժպիտս բառերի մեջ գրքին եմ տալիս,
Իսկ մարդիկ թերթում են ու անցնում…
Չգիտեմ՝ հազարների մեջից հազարավոր բառերի փոխարեն
ինձ ով լուռ կսիրի,
կժպտա, կկարդա, կլսի ու չի հոգնի,
Բայց ես չեմ կարող,
Ես գիտեմ
Թե ինչ են ուզում մարդիկ …
***
Սերը բնության տարրերից հինգերորդն է
Մյուս չորսի հենց մեջտեղում իր կործանիչ աղետներով,
Իր տիեզերական սիրով
ու բարությամբ…
Սերը կրակի նման է
Քամին կթեժացնի,
ջուրը կհանգցնի,
հողը… հողից չեմ խոսի…
Սերը ջրի նման է, կրակը կգա ու կտաքացնի,
Քամին կքշի ու կտանի,
Հողից չեմ խոսի…
Սերը քամու նման է,
Արևը կգա ու կտանի,
Անձրևը կգա ու կյանք կտա
Հողը…
Սերը հողի նման է.
Հայրենի հողի նման է,
մինչև ձեռքիցդ չտանեն՝ չես իմանա,
որ դա սեր էր
Սերը հողի նման է,
Ինչքան ամուր կանգնես նրա վրա,
էնքան նա ապահով է…
Բայց մենք քամու հետ հեռանալ ենք
Ուզում,
Անձրևի հետ քայլել
ու մերկանալ արևի հետ…
***
Ժպտացող մարդիկ անտանելի են…
Ժպտա…
ժպտա ու գնա
որովհետև…
Սուրճը եփվելիս թափվում է.
որովհետև հանկարծ երկնքից անձրև կթափվի…
Որովհետև տերևներն էլ ի վերջո թափվում են
Սերերի ինքնամոռաց համբույրից
կամ ուղղակի մոռացումից…
Ժպտա ինձ ու գնա, քանի դեռ քեզ չեմ ճանաչել․․․
Չթողնես սիրեմ քեզ,
որովհետև
Կարոտել եմ գարունը,
որովհետև ամեն ինչ շուտ եմ մոռանում,
թող քեզ նայեմ ու գնամ,
Թող երկար հիշեմ քեզ…
***
Սերն Աստված է,
Բայց ինչքան իզուր սերեր են լինում…
Զգացել ե՞ք ինչ անաստված ենք հենց սերը վերջանում է
Ասում ենք՝ դա սեր չէր…
***
Մենք էս կյանքի դիլետանտ դերասաներն ենք.
Սեր ենք խաղում,
իսկ կուլիսներում հարբում,
դավաճանում…
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։