ԳլխավորՄի կտոր գիրք

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե. բանաստեղծություններ

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Ներկայացնում ենք գերմանացի բանաստեղծ, արձակագիր, մտածող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի (28.08.1749-22.03.1832) մի քանի  բանաստեղծություն։

Մի անգամ

Մի անգամ մտա ես թավուտ անտառ,
Տեսա նազելուս ու ընկա ետքից․
Հենց որ մոտեցա, նա թե՝ կգոռամ,
Կկանչեմ մարդկանց, հեռացիր ինձնից։

— Ոչինչ,— ասում եմ,—
Եվ իմ նազելուն սեղմում եմ կրծքիս,
Համբույրի տարափ շաղ տալիս սաստիկ․
Բայց նա՝— ա՜խ, կամա՜ց, կամա՜ց, սիրելիս,
Այդպես մեզ լսել կարող են մարդիկ․․․

Վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կըծակեմ,
Որ չըմոռնաս փըշոտ վարդին.

Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

***

Լերանց շարքերը
Նիրհում են մըթնում,
Խաղաղ մարգերը
Մըշուշ է պատում․

Ճամփեն հանդարտվել,
Չի շարժվում քամի,
Ուր որ է՝ դու էլ
Կըքընես հիմի։

Ձկնորս

Ջուրը վշշում, ջուրն էր դիզանում,
Ձկնորսը նորա նստած էր ափին.
Անխռով, հանդարտ կարթին էր նայում,
Սառը քնի մեջ ընկղմած հոգին։
Եվ մինչդեռ կարթին նայում է նստած,
Ահա պատառվում, բացվում են ալիք,
Եվ դուրս է գալիս ջրիցը հուզված
Նորա առաջև մի կույս գեղեցիկ։

Եվ անուշ երգում, ասում է նորան։
«Ինչո՞ւ ես որսում իմ հպատակներին.
Խորամանկ խելքով մտել ես դարան,
Մատնում ես նոցա մահացու տոթին։
Բայց ի՜նչ երջանիկ, եթե իմանաս,
Ջրի խորքերումն ապրում են ձկներ,
Դու էլ ցած կիջնես, հենց ինչպես որ կաս,
Եվ սիրով, քաղցրիկ կանցնես քո օրեր։

Մի՞թե ոսկեշող արևն ու լուսին
Ծովի ցուրտ գրկումը չեն զովանում,
Եվ դեմքը նոցա ջրի երեսին
Ավելի չքնաղ չէ՞ պատկերանում։
Եվ պայծառ երկինք գրավո՞ւմ չէ քեզ,
Երբ վճիտ ջրումն է նա նկարված.
Եվ քո իսկ պատկերն, երբ այնտեղ նայես,
Քեզ չէ՞ հրապուրում դեպի ծոցն ալյաց»։

Ջուրը վշվշում, ջուրն էր դիզանում,
Ոտները թրջում բոբիկ ձկնորսին.
Անուշ ցանկությամբ հոգին էր լցվում
Ասես այն սիրո հույզն էր առաջին։
Եվ կույսը նորան երգում էր, թովում,
Եվ ձկնորսը խեղճ իրանից գնաց.
Եվ կույսն էր քաշում, ինքն էլ հետևում,
Ահա՛ և անհետ ջրի տակ մնաց։

Թրգմ. Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի