ԳլխավորՄի կտոր գիրք

Ես կմտնեմ վերջին վագոն, որ գոնե մի փոքր մոտ լինեմ քեզ. Լեոնիդ Ենգիբարյան

Ճանապարհը

Մեկնում եմ:
Ես վաղը կմեկնեմ:
Ճանապարհը՝ երկա՜ր-երկա՜ր։ Եւ նույնքան երկար է գնացքը:

Այն կազմված է տասնյակ, գուցե նաեւ հարյուր հազարավոր վագոններից:
Ամեն վագոնում՝ հարյուրավոր լուսամուտներ, որովհետեւ ամեն մի վագոնը մի հարյուրամյակ է:

Ես կմտնեմ վերջին վագոն, որ գոնե մի փոքր մոտ լինեմ քեզ:

Աղջնակին, որ թռչել գիտի

Միայն մի վախեցիր։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի, որովհետեւ դու երկու սիրտ ունես։
Եթե օդում մի վայրկյանով մեկը կանգ առնի, կողքից մյուսը կզարկի։
Դրանցից մեկը մայրդ է տվել քեզ։

Նա կարողացավ դա անել, որովհետեւ տասնինը տարի առաջ կարողացավ սիրել, սիրել… Մի ծիծաղիր, սիրելը բարդ է։

Իսկ երկրորդ սիրտդ տվել եմ ես։ Պահիր կրծքումդ իմ խենթ սիրտը։
Ու ոչնչից մի վախեցիր։

Նրանք կողք կողքի են, թե մեկը կանգ առնի, մյուսը կզարկի։

Միայն ինձ համար մի անհանգստացիր, ինձ թեթեւ է քայլել գետնի վրայով, դա հասկանալի է յուրաքանչյուրին։

Իմ սիրտը՝ քո կրծքում։

Լապտերները

Գիշեր է:

Անձրեւ է մաղում: Կաթիլները երեւում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, եւ թվում է, թե փողոցի երկայնքով շարված լապտերները արտասվում են:

Ինչի՞ մասին:

Անձրեւոտ գիշերներին լապտերներն արտասվում են միայն այն մասին, ինչ չի հաջողվել մարդկանց, որովհետեւ իրենք ընդամենը լապտերներ են եւ չունեն սեփական թախիծ:

Եվ ամբողջ գիշերը նրանք արտասվում են մենակությունից, նրանից, որ անձրեւում է, եւ որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, ու ինչ-որ մեկն անպայման կիսատ կթողնի հանդիպումը, չի հասցնի համբուրել․․․

Եվ քանի որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, այս գիշեր կարտասվեն փողոցի երկայնքով կանգնած լապտերները:

Լեոնիդ Ենգիբարյան (մարտի 15, 1935-հուլիսի 25, 1972)

Կրկեսի դերասան, մնջախաղաց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Comment here