ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

Երբ կինը փորձում է փոխել կամ «բարելավել» տղամարդուն… Ջոն Գրեյ

Կին եւ տղամարդ

Ներկայացնում ենք հատվածներ ամերիկացի հոգեբան Ջոն Գրեյի «Տղամարդիկ Մարսից են, կանայք` Վեներայից» գրքից։

***

Հիմնավորված, թե ոչ, տղամարդկանց հասցեին մեղադրանքները, որպես կանոն, ենթադրում են երկու հնարավոր հետևանքներից մեկը կամ երկուսը միանգամից. նրանք կամ լռում են, կամ դիմում են ակտիվ և փաստարկված ինքնապաշտպանության: Տղամարդիկ սովորաբար փորձում են ապացույցներ գտնել, որ կանանց ընդհանրացումները սխալ են, և դա ուժեղացնում է կանանց ցանկությունը տղամարդկանց էլ ավելի մեղադրելու համար. «Այդ ինչպես չես հասկանում»։

Բայց կա գենդերային գրագետ միջոց կանանց համար՝ արտահայտելու իրենց կարիքները, տղամարդկանց համար ՝ հասկանալու և վարվելու կանանց ցանկություններին համապատասխան: Բանալին շփումն է:

Գենդերային զգայուն կանայք գիտեն, թե ինչպես խոսակցությունը ներկայացնել տղամարդկանց համար հասկանալի ձևով: Նրանք գիտակցում են տղամարդկանց՝ առաջնահերթություններ սահմանելու և աշխատանքը հետևողականորեն կատարելու հակումը: Նրանք հասկանում են, որ տղամարդկանց համար կարևոր են ոչ այնքան աշխատանքը կատարելու ձևերն ու դրա վրա ծախսված ջանքերը, որքան վերջնական արդյունքը: Գենդերային գրագետ կանայք նաև գիտեն, որ տղամարդիկ բաց են նոր գաղափարների և լուծումների համար, եթե նրանք դրանք ավելի արդյունավետ համարեն իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար:

Գենդերային զգայուն տղամարդիկ իրենց հերթին ավելի լավ են գիտակցում, թե ինչպես են իրենց գործողությունները մեկնաբանվում կանանց կողմից: Նրանք հասկանում են, որ կանայք կենտրոնացած են իրենց նպատակին հասնելու վրա, ճիշտ այնպես, ինչպես իրենք: Բայց նաև գիտակցում են, որ կանայք նույնքան կարևորությունն են տալիս դեպի նպատակը շարժվելուն, ինչպես և վերջնական արդյունքին ՝ այդ նպատակին հասնելուն: Կինը ձգտում է համագործակցության. լավագույն գաղափարները տրվում են նրան, երբ նա հարցեր է տալիս և ինքն էլ պատասխանում է հարցերին:

Որքան ավելի լավ տղամարդիկ և կանայք հասկանան միմյանց մտածողության և վարքի տարբերությունները և դրանց դրսևորումները (ինչպես բնազդային, այնպես էլ մշակութային), այնքան ավելի խորը նրանք կկարողանան հասկանալ մեկ այլ գենդերային խմբի դրդապատճառները: Կանայք գիտակցում են, որ տղամարդկանց արարքները հաճախ լինում են ոչ միտումնավոր, իսկ տղամարդիկ գիտակցում են, որ կանայք աշխարհն այլ կերպ են ընկալում, քան իրենք:

Անձնական կյանք. չբարձրաձայնված խնդրանք

Կանայք կարծում են, որ եթե ինչ-որ բան աշխատում է, այն կարող է ավելի լավ աշխատել: Կանանց մեջ բնությունն է դրել՝ բարելավել իրենց միջավայրը և նրանց հետ սերտ շփման մեջ գտնվող մարդկանց:

Բայց դա միշտ չէ, որ աշխատում է տղամարդկանց դեպքում: Երբ կինը փորձում է փոխել կամ «բարելավել» տղամարդուն, վերջինս դա դիտարկում է որպես ակնարկ՝ իր ունեցած թերությունների մասին ու սկսում է իրեն չսիրված, չհասկացված և չգնահատված զգալ։

Նա պաշտպանողական դիրք է գրավում  և ձգտում է հակահարված տալ իրեն շտկելու կամ ինչ և ինչպես անելու ցանկացած փորձի: Տղամարդուն խորհուրդ տալ, որի կարիքը նա չուներ, նշանակում է ենթադրել, որ նա ի վիճակի չէ ինքնուրույն մտածել հարցի շուրջ և կատարել առաջադրանքը:

Կինը կարող է առաջնորդվել լավագույն դրդապատճառներով մարդուն կամ իրավիճակը բարելավելու իր փորձի մեջ, բայց «օբյեկտի» դերում գտնվող տղամարդը կհամարի, որ իրեն վերահսկում են, չեն գնահատում այն բանի համար, թե ինչպիսին է ինքն իրականում, և որ կասկածում են իր ինքնուրույն գործելու կարողությանը։

Հաճախակի ձևը, որին դիմում է կինը ՝ փորձելով փոխել տղամարդու վարքը, ցույց տալն է, թե ինչն է նա սխալ անում և դժգոհություն արտահայտումը՝ անուղղակիորեն կամ բողոքի ու պահանջի տեսքով։

Երբ կինը տղամարդու մեջ խնդիր է տեսնում, դա սահմանափակում է ձախողումը արտաքին գործոնների ազդեցությանը վերագրելու նրա կարողությունը: Դա իր հերթին խոչընդոտում է տղամարդու կարողությունները ՝ կնոջ կարիքները հասկանալու և լուծման ամենաարդյունավետ ուղին գտնելու համար: Բայց երբ կինը խնդիրը ներկայացնում է որպես ինչ-որ արտաքին հանգամանք, տղամարդը կարող է այն դիտարկել իրենից առանձին և արդյունավետորեն կենտրոնանալ երկուսի համար էլ հարցը բարենպաստ լուծելու խնդրի վրա։

Ցանկացած բողոքի կամ պահանջի հետևում կա չասված խնդրանք: Եթե տղամարդուն պետք է հասկացնել, որ պետք է ինչ-որ բան անի, պարզապես խնդրեք նրան: Խնդիրը ընդհանրական քննարկելու փոխարեն կինը պետք է կոնկրետ առաջարկի իր համար ընդունելի լուծման տարբերակը։

Կանանց համար ներքին մղումն այստեղ ոչ թե տղամարդկանց փոխելու փորձն է, այլ կարիքները ձևակերպելու և ներկայացնելու սեփական մոտեցումը փոխելու ցանկությունը: Տղամարդիկ ցանկանում են հենարան ու թիկունք լինել, նրանք ցանկանում են օգտակար լինել, ցանկանում են իրենց անհրաժեշտ և գնահատված զգալ: Տղամարդիկ ցանկանում են իրենց զուգընկերոջը առաջարկել իրենց մեջ եղած ամենալավը. նրանք ցանկանում են լուծում լինել, ոչ թե խնդիր կնոջ համար:

Կինը պետք է միջոց գտնի, թե ինչպես սեփական գործողությունների և արձագանքների միջոցով բացահայտի այն լավագույնը, ինչ կա տղամարդու մեջ։ Նա պետք է երկուսին հասկանալի ձևով  հստակ ձևակերպի, թե ինչ է ուզում։  Դա կստիպի տղամարդուն անել այնպիսի բաներ, որոնք նա դադարել էր անելուց, և նույնիսկ կխթանի ջանք չխնայել առավելագույնն անելու համար, քանի որ հստակ կիմանա կնոջ կարիքները, այլ ոչ թե կպաշտպանվ իր վարքագիծը փոխելու փորձերի դեմ:

Թրգմ. Usanogh.am