ԳլխավորԼուրԿրթություն

Ավելի շատ մասնագիտությունների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկի վերադարձով

Կառավարության որոշմամբ լրամշակվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով ՀՀ հավատարմագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Գործող ցանկին ավելացել է 11 մասնագիտություն մագիստրատուրայում, որոնք ներառվել են «Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն», «Ծառայություններ (սերվիս)», «Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն», «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն» և «Առողջապահություն» ոլորտներից:

Ասպիրանտուրայի ցանկում ներառվել են «Ավտոմեքենաներ և տրակտորներ», «Բուսական և կենդական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա» և «Բուսաբուծության, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն», իսկ կլինիկական օրդինատուրայում՝ «Մանկական նյարդաբանություն» մասնագիտությունները:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2023-2024 ուսումնական տարվանից և կտարածվի նաև նոր ընդգրկված մասնագիտություններով 2023-2024 ուսումնական տարում սովորողների վրա:

Մինչև 2023/2024 ուսումնական տարին ցանկից հանված մասնագիտություններով՝ «Ֆարմացիա» մասնագիտությամբ մագիստատուրա կամ «Ակնաբանություն», «Լաբորատոր ախտորոշում», «Ճառագայթային ախտորոշում», «Մանկաբարձություն և գինեկոլոգիա», «Սրտաբանություն (կարդիոլոգիա)» մասնագիտություններով կլինիկական օրդինատուրա ընդունված սովորողները եկամտային հարկի վերադարձի իրավունքից կօգտվեն մինչև ուսումնառության ավարտը: