ԳլխավորԼուրԿրթություն

30 հազար եվրո «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ից՝ ֆրանսիական համալսարանի ուսանողներին՝ ուսման վարձերը վճարելու համար

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը կաջակցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին: Ընկերության կողմից 30 հազար եվրո ընդհանուր ծավալով տրամադրված միջոցները կուղղվեն 2019-2020 ուսումնական տարվա վարձավճարները վճարելուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը։

«Ամբողջ աշխարհում և Հայաստանում այս օրերին ստեղծվել է բարդ իրավիճակ, որից անմասն չեն մնում նաև բազմաթիվ ուսանողներ: Մեզ համար որակյալ կրթությունը արժեք է, և մենք մեր հնարավորությունների սահմաններում մշտապես աջակցելու ենք բազմաթիվ ուսանողների` կրթություն ստանալու հարցում:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ դեռևս 2019թ.-ի գարնանը մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք, ըստ որի«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը 3 տարվա կտրվածքով ընկերության շահույթից 40 հազար եվրո ներդրում պետք է կատարեր համալսարանի կրթական տարբեր նախագծերում։ Բայց, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք վերաուղղեցինք մեր աջակցությունը՝ մեկնարկելով ուսանողներին աջակցելու այս ծրագիրը: Հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը շուտով կմնա անցյալում», -ասված է հաղորդագրության մեջ։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը հիմնադրել են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող 2 կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկն է:

Comment here