ԳլխավորԼուր

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն անդրադարձել է վարձավճարներին

ԵՊՀ-ում ուսման վարձերը բարձրացնելու վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռ 2019-ին հոկտեմբերին, իսկ արդեն այս տարվա մարտի 12-ի գիտխորհրդի նիստում ընդունվել է որոշում՝ վարձերը բարձրացնել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Չնայած կասկածներին, թե վարձավճարների թանկացման, ինչպես նաև համավարակի հետ կապված դիմորդների պակաս կնկատվի, մայիսի վերջին 4068 դիմում է եղել նշված վարձերով սովորելու համար․

«Ընդ որում՝ դիմումների կեսը ամենաբարձր վարձով մասնագիտությունների գծով էր։ Եվ հիմա, երբ կատարվել է ընդունելությունը, և մարդիկ ստորագրում են պայմանագրեր՝ այդ վարձով սովորելու, մի շարք լրատվամիջոցներ, քաղաքական ուժեր, առանձին պատգամավորներ սկսում են խոսել վարձերի բարձր լինելու մասին։ Ես համաձայն եմ, որ շատերի համար դա բարձր է, բայց կա 2 կողմ՝ մեկը ծառայություն է մատուցում, մյուսը ծառայություն է ստանում։ Ընդ որում մեր առաջարկած ծառայությունները մենաշնորհային չեն, մեր բոլոր մասնագիտությունների գծով կան այլ առաջարկներ․ և՛ ավելի էժան, և՛ ավելի թանկ։ Մարդիկ կարող են ընտրել։ Եթե ընտրել են այս գնով այս մասնագիտությունը, ուրեմն այդպես են ուզում»,- նշեց Գևորգյանը։

Հարցին՝ արդյո՞ք Երևանի պետական համալսարանում ուսման թանկացումն ազդելու է դասախոսների աշխատավարձի վրա, Գեղամ Գևորգյանը պատասխանեց.

«Անպայման։ Դրա արդյունքում՝ միջինում 10 տոկոսով կբարձրանա դասախոսների աշխատավարձը։ Դեկտեմբերին կայացած գիտական խորհրդի նիստում ես հայտարարել եմ, որ կվերանայվեն դասախոսների և այն ստորաբաժանումների աշխատավարձերը, որոնք կկարողանան իրենց բաժանմունքում օպտիմալացման հաշվին տնտեսեն փողեր։ Այդպիսի ստորաբաժանումներ կան, և նրանց աշխատավարձերը կբարձրանան»։

Գեղամ Գևորգյանը հավելեց, որ աշխատավարձերի ավելացման համար միայն վարձավճարների բարձրացումը բավարար չէ։ Այդ նպատակի համար կօգտագործվեն նաեւ միջոցներ՝ գնումների գործընթացից առաջացած ավելի քան 100 մլն դրամ խնայողությունից։

Comment here