ԳլխավորԼուր

Նոյեմբերի բացակայությունները հաշվի չեն առնվի. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար

Երեւանի պետական համալսարանի սև շենքի դահլիճում այսօր ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ մտահոգություններ ունեցող դասախոսների ու ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին, տեղեկացնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից։

Հանդիպում-քննարկում անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 27-ին, երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծից բողոքող ուսանողները նստացույցից հետո հանդիպել էին ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի հետ:

Ուսանողների առաջին հարցը վերաբերում էր այն մտավախությանը, որ եթե «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը ոչ պարտադիր լինի, ապա շատ ֆակուլտետների ղեկավարներ կնախընտրեն դասաժամը տրամադրել տվյալ ֆակուլտետի դասախոսին, այլ ոչ թե հատկացնել վերոնշյալ առարկաներին:

Ի պատասխան՝ Գ. Գևորգյանը ևս մեկ անգամ փաստեց, որ իր համոզմամբ, ԵՊՀ կրթական ծրագրերի մեծ մասը կներառի նշված առարկաները, բայց ոչ այն ձևաչափով, ինչ կա հիմա. «Եթե, օրինակ, ես լինեմ կրթական ծրագրի ղեկավարը, կառաջարկեմ «Հայոց լեզու» առարկան իրականացնել ոչ թե երկու կիսամյակում՝ երկու ժամով, այլ մեկ կիսամյակում՝ 4 ժամով: «Հայոց պատմություն» առարկան կառաջարկեմ իրականացնել 3-րդ կամ 4-րդ կուրսում, քանի որ այն պահանջում է ավելի մեծ կենսափորձ»:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի կարծիքով, մտահոգությունն իմաստ ունի. «Բայց և այնպես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում, եթե «Հայոց լեզու» առարկայի դասավանդումն արդյունավետ լինի որևէ կրթական ծրագրում, ապա մյուս կրթական ծրագրերում նույնպես կցանկանան ներառել առարկան»:

Ուսանողների հաջորդ հարցը վերաբերում էր բուհի ինքնավարությանը: Նրանցից մեկը հետաքրքրվեց, թե այն, որ օրենքի նախագծով Հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվելու է լիազոր մարմնի կողմից, չի՞ հակասելու ինքնավարությանը:

Գեղամ Գևորգյանն ի պատասխան նշեց, որ օրենքով  կրթական ծրագրի պարտադրումն արդեն իսկ հակասում է ինքնավարությանը, ապա փաստեց, որ ցանկացած կազմակերպության քաղաքականությունը որոշում է հիմնադիրը:

Ուսանողներից մեկի մտահոգությունն էլ այն մասին էր, որ համացանցում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն՝ նախարարն իր շրջապատում ասել է, թե դասադուլին մասնակցած ուսանողները դուրս  կմնան բուհից կամ կմնան նույն կուրսում և կամ էլ խնդիրներ կունենան քննությունների ժամանակ: Նա հետաքրքվե՞ց՝  հնարավոր են նման դեպքեր:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ անձամբ նախարարից նման բան չի լսել և չի կարող մեկնաբանել, ապա նշեց, որ այդ խնդիրները կառաջանան այն ժամանակ, եթե ուսանողները չպատասխանեն քննական տոմսերի հարցերին, այսինքն՝ ուրիշ արհեստական խոչընդոտ չի ստեղծվի: Իսկ ուսանողների այն մտահոգությանն ի պատասխան, թե բացակայությունները կարող են խնդիրներ հարուցել, նա ասաց, որ իր ցուցումով՝ նոյեմբերի բացակայությունները հաշվի չեն առնվի:

Մանրամասները՝ ԵՊՀ տրամադրած տեսանյութում։ 

 

 

Comment here