ԳլխավորԼուր

Հնդկաստանում տասնյակ ուսանողներ ու դասախոսներ են տուժել դիմակավոր անձանց հարձակման հետեւանքով

Գրեթե 30 ուսանող եւ 12 դասախոս է տուժել հունվարի 5-ին Հնդկաստանի Ջավահառլալ Ներուի անվան համալսարանում տեղ ունեցած անկարգությունների հետեւանքով, տեղեկացնում է NDTV հեռուստաընկերությունը։

Դիմակներով մարդիկ՝ փայտերով ու քարերով զինված, կիրակի երեկոյան հարձակվել են համալսարանի հանրակացարանում գտնվող ուսանողների վրա։

Ականատեսներից պրոֆեսոր Աթուլ Սուդի վկայությամբ՝ հարձակվողները քարեր են նետել ու ներխուժել հանրակացարան։ Նրանք նաեւ ջարդուփշուր են արել կայանված ավտոմեքենաները։

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը եւ գլխավոր ընդդիմադիր «Հնդկաստանի ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Ռահուլ Գանդին դատապարտել են տեղի ունեցածը։

Համալսարանի վարչակազմի եւ ուսանողների միջեւ հակամարտությունը շարունակվում է արդեն ավելի քան 2 ամիս։ Ուսանողները բողոքում են հանրակացարանի վարձերի բարձրացման դեմ նշելով, որ այդպիսով իրենց ամսական ծախսերը երեք անգամ աճել են։

Համալսարանի ղեկավարներն իրենց հերթին արդարացնում են այդ քայլը նրանով որ հանրակացարանների վարձերը 30 տարի անփոփոխ են մնացել։

 

 

Comment here