ԳլխավորԼուր

Ավստրալիան շարունակում է այրվել (տեսանյութ, լուսանկարներ)

Ավստրալիայում անցած տարվա հոկտեմբերից շարունակվող զանգվածային հրդեհներն արդեն ոչնչացրել են գրեթե 6 մլն հեկտար անտառային տարածքներ։ Այրվել է նաեւ 1000 տուն։ Իրավիճակը բարդանում է երկարատեւ ռեկորդային շոգ եղանակի (+40 աստիճան ըստ Ցելսիուսի) եւ քամիների պատճառով։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 25 մարդ։ Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է հրդեհի 136 օջախ։ Կրակի դեմ պայքարում է ավելի քան 2500 հրշեջ եւ 90 հրշեջ ինքնաթիռ։ Հրե օղակը մոտենում է Սիդնեյին։

Ավստրալիայի հրդեհները համարվում են կլիմայական համընդհանուր փոփոխությունների վառ օրինակ։ Մայրցամաքն անցած շաբաթ-կիրակի օրերին ծայրահեղ բարդ պահեր ապրեց. գրեթե +48 աստիճանի պայմաններում հրդեհը տարածվում էր աննկարագրելի արագությամբ՝ որոշ տեղերում գերազանցելով մարդու վազքի արագությունը։ Ծուխը հասել է Նոր Զելանդիային եւ դեղին մոխրի տեսքով նստել մոտակա սառցադաշտերի վրա։ Կրակի բարձրությունը ժամանակ առ ժամանակ հասել է 70 մետրի՝ գերազանցելով Սիդնեյի օպերայի շենքի բարձրությունը։

Բնապահպանները նշում են, որ հրդեհներն արդեն իրենք են ձեւավորում եղանակը տարածաշրջանում՝ փոխակերպելով ծուխը կայծակներով հարուստ կուտակային-անձրեւաբեր ամպերի։ Իսկ կայծակներն իրենց հերթին նոր հրդեհների պատճառ են դառնում։

Այժմ հրդեհի 136 օջախից վերահսկողության տակ է ընդամենը կեսը։

Սիդնեյի համալսարանի տվյալներով՝ սեպտեմբերից ի վեր ոչնչացել է 480 մլն կաթնասուն կենդանի, թռչուն եւ սողուն։ Բացի այդ, ոչնչացել է գրեթե 8 հազար կոալա եւ հարյուր հազարավոր այլ կենդանիներ։ Այրված տարածքներում կենդանիներին չի բավականացնում կերն ու թաքնվելու տեղերը՝ գիշատիչներից պաշտպանվելու համար։ Դա իր հերթին կտրուկ կրճատում է կենդանատեսակների քանակը, նշում է պրոֆեսոր Քրիս Դիկմանը։

Հրդեհների պատճառով նվազել է նաեւ կենգուրուների եւ կոալաների թիվը։ Նախնական տվյալներով՝ կոալաների քանակը կրճատվել է մեկ երրորդով։

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը գլոբալ ջերմացմանը չի հավատում։ Այդ պատճառով էլ, երբ այրվում էր մի ամբողջ նահանգ, արձակուրդ էր մեկնել։ Այժմ փորձում է ամեն ինչ շտկել, այդ թվում իրեն ուղղված քննադատությունների հեղեղի տակից դուրս գալ։

Նա հայտարարել է, որ կառավարությունը մոտակա 2 տարում լրացուցիչ 1.39 միլիարդ դոլար կհատկացնի անտառային հրդեհների վնասները փոխհատուցելու համար։ Մորիսոնը հայտնել է նաեւ, որ պատրաստ են ցանկացած գումար ծախսել՝ ֆերմաների, համայնքային հիմնարկների եւ ճանապարհների վերականգնման համար։ Վարչապետը նշել է սակայն, որ հրդեհները հնարավոր է շարունակվեն շաբաթներ եւ նույնիսկ ամիսներ։

Հոլիվուդյան աստղ Նիկոլ Քիդմանը եւ երգչուհի Փինքը խոստացել են 500 հազարական դոլար տրամադրել աղետի դեմ պայքարի համար։ Իսկ նշանավոր լրագրող Սթիվեն Իրվինի ընտանիքը խոստացել է զբաղվել հրդեհից տուժած գրեթե 90 հազար կենդանիների բուժման հարցերով։

usanogh.am

Ըստ ուկրաինական եւ ռուսական համացանցային բաց աղբյուրների

 

Comment here