ԿԳՄՍ նախարար, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը բուհում կայացած գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրել է համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին։ Վերջինս այդ պաշտոնում առաջադրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում անցկացված քվեարկության արդյունքներով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նախարարը հաջողություն է մաղթել Արաքսիա Սվաջյանին՝ ընդգծելով, որ Մանկավարժական համալսարանը և նախարարությունը շարունակելու են համագործակցել՝ նպատակային թիրախ ունենանալով մանկավարժական կրթության բարելավումն ու ոլորտի բարեփոխումները։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ, նախադպրոցական կրթության համակարգում ծավալել է հետազոտական գործունեություն։ ԿԳՄՍ նախարարությունում աշխատելու տարիներին ևս նա շարունակել է կապ պահել համալսարանի հետ՝ դասավանդելով և լինելով հոգաբարձուների խորհրդի անդամ։
Ժաննա Անդրեասյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Լիլիթ Մկրտչյանին՝ Մանկավարժական համալսարանի համար կարևոր ժամանակահատվածում բուհին միանալու, ճգնաժամային շրջանում բնականոն գործունեությունն ապահովելու համար և շնորհավորել նրան՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթության բարեփոխումները Կառավարության ծրագրի կարևոր ուղղություններից են։
ՀՊՄՀ ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և առանձնացրել առաջիկա աշխատանքների երեք հիմնական ուղղություն՝ բուհական կրթության որակի բարելավում, հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների շարունակություն, ինչպես նաև հետազոտական գործունեության զարգացում։ «Նշված ուղղություններով համալսարանն ունի մեծածավալ աշխատանք կատարելու անհրաժեշտություն: Վստահ եմ՝ մեզ բարդ, բայց արդյունավետ ճանապարհ է սպասվում»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Արաքսիա Սվաջյանը 2023 թվականի հունվարից մինչև 2026-ի սեպտեմբեր ԿԳՄՍ փոխնախարարն էր, համակարգում էր հանրակրթության, նախադպրոցական կրթության վաղ մանկության զարգացման ծրագրերի և ներառական կրթության ոլորտները։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



