Մարտի 28-ից ապրիլի 8-ը Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում իրենց երկշաբաթյա պրակտիկան կանցկացնեն Շվեյցարիայի՝ Լյուցերնի, Բազելի և Ցյուրիխի արվեստի համալսարանների 7 ուսանող, հայտնում են բուհի լրատվականից:
Ծրագրի մասնակիցները 3 դասախոսի ուղեկցությամբ կմասնակցեն կերպարվեստի բաժնի դասերին, կծանոթանան դասավանդման մեթոդիկաների առանձնահատկություններին:
Ի դեպ, ծրագրի մասնակիցներին են միացել նաև Վրաստանի Իլյայի անվան պետական և Աբխազիայի պետական մանկավարժական համալսարանների 4 դասախոս:
««Արտաս» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրն արդյունավետ է և հնարավորություն է տալիս մասնակից ուսանողներին բոլորովին այլ տեսանկյունից բացահայտել իրենց մասնագիտությունը: Վստահ եմ՝ փոխադարձ այցերի շնորհիվ նոր, ստեղծագործ մտքեր կծնվեն, իսկ ժամանակի ընթացքում ծրագրում կընդգրկվեն առավել մեծ թվով ուսանողներ»,- ողջունելով մասնակիցներին՝ նշեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը:
Պրոռեկտորը բարձր գնահատեց Ցյուրիխի արվեստների համալսարանի պրոֆեսոր, «Արտաս» հիմնադրամի նախագահ Դագմար Ռեյխարտի կատարած աշխատանքը՝ նկատելով՝ համագործակցությունը տարեցտարի նոր որակ է ձեռք բերում:
aspu.am-ի հետ զրույցում պրոֆեսոր Դագմար Ռեյխարտը, ում ֆինանսավորմամբ իրականացվում է ծրագրիրը, նշեց՝ իր նախաձեռնության արդյունավետության մասին են վկայում ուսանողների կարծիքները: Վերջիններս ծրագիրը համարում են իրենց ուսումնառության ամենակարևոր բաղադրիչը:
Խոսելով ծրագրի բացերի մասին՝ Դագմար Ռեյխարտը նշեց՝ նախկինում առավելապես կարևորում էին տեսական մասը, այնինչ, լեզվական անջրպետը ստիպեց անցում կատարել գործնական հմտությունների զարգացմանը՝ լրացնելով նաև թանգարանային կրթության վերաբերյալ ուսանողների գիտելիքները:
Այցի առաջին օրը հյուրերը շրջեցին Գեղարվեստական կրթության ֆակուլտետում, ծանոթացան մասնագիտություններին, դասավանդման առանձնահատկություններին, եղան նորաբաց արվեստանոցներում:
Ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը հույս հայտնեց, որ հիմնվելով ազգայինի վրա՝ փոխադարձ այցերը կօգնեն գտնել համալսարանների դասավանդման մեթոդիկաների ընդհանրությունները:
Նշենք, որ ծրագրով նախատեսված են նաև այցեր հանրապետության տարբեր դպրոցներ, կլինեն գերհագեցած պրակտիկաներ, որոնց ընթացքում մասնակիցները կծանոթանան կերպարվեստի դասավանդման հմտություններին և դպրոցներում դրանց կիրառման առանձնահատկություններին: