ԳլխավորԼուր

Մեր հաղթաթուղթը մեր միասնականությունն է. ԱրՊՀ պրոռեկտոր

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ուսանողի հետ

Արցախի պետական համալսարանի ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը հանդիպել է հեռակա ուսուցման համակարգի մի խումբ ուսանողների հետ և պարգևատրել նրանց՝ հասարակական ակտիվության ու պատշաճ վարքագծի համար, հայտնում են ԱրՊՀ-ից։

Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում ստեղծված մի շարք կենսական խնդիրներին զուգահեռ Արցախի դեմ տարվում է նաև տեղեկատվական-հոգեբանական պատերազմ. այս ամենի վերջնանպատակը էթնիկ զտումը և Արցախը հայաթափելն է։ Պրոռեկտորը ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ներկայացնելով տեղեկատվական- հոգեբանական պատերազմի էությունը, մեթոդներն ու նպատակները, հորդորեց չտրվել սադրանքներին, ստուգել ստացած տեղեկատվությունը, հապճեպ տեսակետներ չձևավորել և տեղեկատվություն ստանալու հարցում լինել հետևողական՝ պահպանելով զգոնություն։

«Արցախը հայկական պահելը մեզնից յուրաքանչյուրից է կախված։ Ես հավատում եմ, որ Արցախը մնալու է հայկական։ Սա ոչ միայն Արցախը հայկական պահելու պայքար է, այլ նաև՝ քաղաքակրթության։ Մեր հաղթաթուղթը մեր միասնականությունն է, նպատակային մեզ փորձում են տարանջատել, թուլացնել, չպիտի տրվել այդ սադրանքներին»,-նշել է Վ. Յարամիշյանը։

Խոսելով կրթական բնագավառից՝ նա անդրադարձել է ուսանողներին հետաքրքրող հարցերին։ Հեռակա ուսուցման համակարգի առանձնահատկություններից պրոռեկտորը որպես առավելություն ընդգծել է պրակտիկ դաշտում մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորությունը, ինչը, տեսականի հետ համադրելով, նպաստում է մասնագիտական կայացմանը։

Հանդիպման ավարտին պրոռեկտորը ուսանողներին խրախուսել է գրքերով։

Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) ուսանողները