ԳլխավորԼուր

Ստեփանակերտում գազի մատակարարումը կվերականգնվի

Ստեփանակերտ

Այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել:

Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Հունվարի 12-ին ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Կապը վերականգնվել էր հունվարի 13-ին։

Հունվարի 21-ին էլ ադրբեջանցիները կրկին անջատել են Արցախի գազամատակարարումը։ Այն մասնակի վերականգնվել էր հունվարի 25-ին։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, իսկ շուրջ 120 հազար արցախցիներ (այդ թվում՝ 30 հազար երեխա)՝ շրջափակման մեջ։