ԳլխավորԼուր

Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը

Ինտերնետ

Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։ «Արմենպրես»ին այս մասին հայտնել են Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ ինտերնետի մատակարարումը խափանվել է մալուխի վնասվելու պատճառով։

Ըստ ինտերնետ կապի օպերատորի՝ մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը: Քանի որ Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է, իսկ Արցախի էներգետիկ հզորությունները չեն բավարարում ներքին պահանջարկը լրացնելու համար, Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է հովհարային անջատումներով:

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։

Ճանապարհը շարունակում է փակ մնալ։