ԳլխավորԽճանկար

ԵՊԲՀ 2022թ.-ի լավագույն ուսանողը ցանկանում է զբաղվել գիտությամբ

ԵՊԲՀ 2022 թ. լավագույն ուսանող Էլլա Բաղդասարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում օրեր առաջ ամփոփվեցին 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները, որոնց համաձայն՝ բժշկագիտության ոլորտում լավագույն ուսանող է ճանաչվել ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Էլլա Բաղդասարյանը։

ԵՊԲՀ լավագույն ուսանողը կիսվել է առաջադիմության, գիտական, հասարակական ակտիվության, ինչպես նաև լավագույն ուսանող ճանաչվելու սպասելիքների և զգացողությունների մասին։

«Այս մրցույթում հաղթելը եղել է իմ երազանքը՝ սկսած առաջին կուրսից, երբ հաղթողների շարքում էին իմ ավագ ընկերները։ Նրանցից եմ առաջին անգամ տեղեկացել մրցույթի հիմնական պահանջներին՝ բարձր առաջադիմություն, հասարակական և գիտական ակտիվություն։ Վերջին երկու պահանջները բավարարելու, և, առհասարակ, համալսարանում գիտությանը մոտ լինելու ձգտմամբ՝ իմ քայլերը ինձ տարան բժշկական համալսարանի Ուսանողական գիտական ընկերություն, որտեղ այժմ մեծ հպարտությամբ զբաղեցնում եմ փոխնախագահի պաշտոնը»,-նշում է ԵՊԲՀ լավագույն ուսանողը՝ հավելելով, որ մրցույթում հաղթելու համար նրան շատ է օգնել հարազատ մարդկանց՝ հատկապես խմբեցիների և ՈւԳԸ թիմի քաջալերանքն ու ոգևորությունը մրցույթին մասնակցության առաջին իսկ օրվանից, ինչպես նաև օտար լեզվի իմացությունը՝ միջազգային գիտաժողովներին մասնակցելու ու ելույթ ունենալու, փոփոխություններին ընդառաջ գնալու ու արագ ադապտացվելու համար:

Էլլա Բաղդասարյանն ուսումնառության ընթացքում իր լավագույն ձեռքբերումներից է համարում ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի աշխատանքներում ներգրավվելը, ոլորտում լավագույն մասնագետների հետ աշխատելը և նրանցից սովորելը. «Կարծում եմ՝ շատ այլ երկրներում գիտությամբ հետաքրքրված ուսանողների համար երազանք է այսպիսի կենտրոն ունենալը, իսկ մեր համալսարանում մենք ունենք այդ հնարավորությունը՝ աշխատելու ժամանակակից սարքավորումներով և գիտության մասին ավելի հստակ պատկերացումներ ունենալու»։

Ապագա բժիշկը նեղ մասնագիտության ընտրության հարցում դեռևս տատանվում է կլինիկայի և գիտության միջև, բայց կարծում է, որ ի վերջո նախապատվությունը տալու է գիտությանը, մասնավորապես՝ նեյրոգիտությանը։