ԳլխավորԼուր

Հնդիկ ապագա բժիշկները Երևանում նշել են Հոլին

Հնդիկ ապագա բժիշկները Երևանում նշել են Հոլին

Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողներն ազգային երաժշտությամբ և պարով ուսանողական հանրակացարանի տարածքում նշել են Գույների տոնը՝ Հոլին, հայտնում են ԵՊԲՀ-ից։

Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Սետհին բժշկական բուհի ղեկավարության անունից շնորհավորել է ապագա բժիշկներին տոնի առթիվ՝ մաղթելով առաջընթաց ուսումնառության գործընթացում։ Հոլին գունեղ փառատոն է, որը նշվում է Հնդկաստանում և աշխարհի այլ մասերում՝ սովորաբար փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:

Փառատոնը հայտնի է իր աշխույժ և գունեղ տոնակատարություններով, որտեղ մարդիկ միմյանց վրա նետում են վառ գույնի փոշիներ և ջրային փուչիկներ, կատարում ուրախ երգեր ու պարեր, համտեսում համեղ հնդկական ավանդական քաղցրավենիք:

Հոլին նաև ներման և հաշտեցման տոն է, երբ մարդիկ մի կողմ են դնում իրենց տարաձայնությունները և համախմբվում՝ նշելու բարու հաղթանակը չարի նկատմամբ: