ԳլխավորԼուր

«Մենք հպարտանում ենք ձեզնով». ԵՊՀ ռեկտորը շնորհակալություն է հայտնել ուսանողներին

ԵՊՀ ռեկտրոը հանդիպել է ուսանողների հետ

Այսօր հանդիպել ու շնորհակալություն եմ հայտնել ԵՊՀ ուսանողներին, որոնք մեր երկրում ստեղծված իրադրության առաջին իսկ օրերից իրենց պատրաստակամությունն են հայտնել ներգրավվելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության տրամադրման համար իրականացվող բոլոր գործընթացներում։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Մեր ուսանողները ներգրավվել են Վայքի, այնուհետև Փարաքարի ու Դավթաշենի հաշվառման կենտրոնների գործունեության մեջ, անցել անհրաժեշտ վերապատրաստումները, մասնակցել Երևանի ու մարզերի համապատասխան կառույցների կողմից տարվող աշխատանքներին։

Սիրելի՛ ուսանողներ, ձեր նվիրումն ու անձնուրաց ջանքերը վկայում են պատասխանատու և սրտացավ քաղաքացի լինելու մասին, ինչը ԵՊՀ առաքելության առաջնահերթություններից է: Օգնելու ձեր պատրաստակամությունն ու հանձնառությունը, ձեր ուժն ու ներուժը հույս են տալիս ու ոգեշնչում բոլորիս։

Մի՛շտ հիշեք, որ կամավորական աշխատանքը կարևոր է նաև ձեզ համար, քանի որ տալիս է հմտությունների զարգացման ու ինքնադրսևորման ընդլայնված հնարավորություններ:

Եվս մեկ անգամ իմ խորին շնորհակալությունն ու հիացմունքն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին։ Դուք այն դրական փոփոխության մարմնացումն եք, որը մենք ցանկանում ենք տեսնել աշխարհում: Հաջողություն եմ մաղթում ձեր հետագա բոլոր նախաձեռնություններում: Մենք հպարտանում ենք ձեզնով»,-գրել է ԵՊՀ ռեկտորը։

ԵՊՀ ռեկտրոը հանդիպել է ուսանողների հետ

Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայկական կողմից կա առնվազն 200 զոհ և 400 վիրավոր (չհաշված սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի զոհերին)։

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո որոշվեց զինաթափել Արցախի ՊԲ ստորաբաժանումները։

Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային տեղափոխությունը ՀՀ։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը 101 848 է: Նրանցից շուրջ 30 հազարն անչափահասներ են, որոնցից 8 հազարը նախադպրոցական տարիքի, ավելի քան 21 հազարը` դպրոցական տարիքի երեխաներ:

Հոկտեմբերի 31-ի տվյալներով՝ ՀՀ կրթական հաստատություններում ներգրավված են նրանցից շուրջ 16 հազարը։ 

ՀՀ բուհերում հոկտեմբերի վերջի դրությամբ սովորում են Արցախից բռնի տեղահանված 1645, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում՝ 991 ուսանող: Ընդհանուր առմամբ՝ Արցախից տեղահանվել է մոտ 4600 ուսանող։