ԳլխավորԼուր

Ի՞նչ մթնոլորտ է Թատերական ինստիտուտում ռեկտորի ընտրությանն ընդառաջ

Հասմիկ Իսրայելյան

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրությանն ընդառաջ լարվածություն, սկանդալներ չկան, ուսանողներն էլ հավատում են, որ արդար ընտրություններ են լինելու. Usanogh.am-ին այս մասին փոխանցում է ռեկտորի թեկնածուներից  Հասմիկ Իսրայելյանը:

Զրուցեցինք բուհի զարգացման հետ կապված նրա ծրագրի և  ինստիտուտի առջև ծառացած մարտահրավերների մասին: Հասմիկ Իսրայելյանը բանասիրական գիտությունների թեկնածու և դոցենտ  է, 25 տարի է` դասավանդում է բուհում: Ասում է`  պետք է անել հնարավորը, որպեսզի Թատերական ինստիտուտը առանցքային դերակատարում ունենա  հայաստանյան մշակութային կյանքում, մասնավորապես` թատերարվեստի, կինոարվեստի զարգացման ազգային ծրագրերում.

«Բուհը պետք է արագ արձագանքի հասարակության փոփոխվող կարիքներին և համահունչ լինի  աշխատաշուկայի պահանջներին: Ինստիտուտում պետք է ապահովել ուսանողակենտրոն մոտեցում, մասնագիտական կրթական ծրագրերի մրցունակություն, պարբերաբար պետք է մոնիթորինգներ անցկացվեն, որպեսզի պարզ դառնա` ուսանողն ինչի կարիք ունի»:

Հասմիկ Իսրայելյանի խոսքով` բուհը շենքային պայմանների, նյութատեխնիկական ռեսուրսների բարելավման կարիք ունի. «Ուսումնական թատրոնը ծրագրում ենք  դարձնել բաց բեմահարթակ, որպեսզի ունենանք կարգավիճակ և կարողանանք, ինչու ոչ, նաև տոմսեր վաճառել: Մտադիր ենք դիմել մի շարք դրամաշնորհային ծրագրերի, գտնել ներդրողներ»:

Մեր այն դիտարկմանը,  թե  Թատերական ինստիտուտը կրթական որակի առումով վերջին տարիներին նկատելի անկում է գրանցել, ռեկտորի թեկնածուն պատասխանեց. «Նաև հանրակրթության որակի անկման պատճառով է, որ ունենք այդ պատկերը: Չէ՞ որ ուսանողը բուհ է գալիս դպրոցից: Այո´ կրթության որակի անկում կա, և բուհը փորձում է կրթական ծրագրերի միջոցով լուծել խնդիրը»:

Իսկ մեր մյուս դիտարկմանը, որ Թատերական ինստիտուտը պրակտիկ առումով քիչ գիտելիքներ է հաղորդում սաներին, հատկապես` եթե խոսքը կինոոլորտի մասին է, տիկին Իսրայելյանը չհակադարձեց` նշելով, որ ուսանողների պրակտիկ գիտելիքները զարգացնող առարկաները բուհում իսկապես քիչ են, և ինքն ընտրվելու դեպքում  փորձելու է արտաքին շահակիցների միջոցով լուծել խնդիրը:

Նշենք,  որ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի մյուս թեկնածուն Սառա Նալբանդյանն է: Տևական ժամանակ ձգձգվելուց հետո ռեկտորի ընտրությունը կկայանա ապրիլի 20-ին:

Հիշեցնենք, որ 2018-ից Թատերական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել  բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, իսկ արդեն 2019-ին նա  ընտրվել էր ռեկտորի պաշտոնում: Վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրացել էր, սակայն ռեկտորի ընտրությունը տարբեր պատճառներով ձգձգվում էր: