ԳլխավորԼուր

Երազանքն առաջ շարժվելու լավագույն գրավականն է. Աշոտ Խոեցյան

Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը հանդիպել է բուհի Ուսանողական խորհրդի անդամների, այդ թվում՝ ֆակուլտետների ուսանողական խորհուրդների նախագահների և տեղակալների հետ:

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ուսանողական ակտիվին, նրանց գործունեությանն ու առաջիկա ծրագրերին.«Դուք երիտասարդ եք և շատ երազանքներ ունեք, իսկ երազանքն առաջ շարժվելու լավագույն գրավականն է: Այն առաջ է մղում, հասցնում հաջողությունների»,-նշեց Մանկավարժականի ռեկտորն ու հավելեց՝ երիտասարդ մնալու համար միշտ պետք է երազել, իսկ փորձառությունը կնպաստի իրականացնել դրանք:

Աշոտ Խոեցյանը ուսանողների հետ հանդիպման ընթացքում խոսեց վերջին տարիներին Մանկավարժական համալսարանի հաջողությունների ու առաջընթացի մասին՝ ընդգծելով, որ չպետք է սահմանափակվել ձեռք բերածով:

Ժամանակակից տեխնոլոգիաները լայն հնարավորություններ են տալիս սովորողների մեջ ձևավորելու հմտություններ, որոնցով կկարողանան կրթությունը դարձնել նաև շահութաբեր:

«Այսօր կրթության ոլորտի մասնագետներն ամենացածր վարձատրվողներն են, այնինչ անհրաժեշտ է բացահայտել բուհի բոլոր մասնագիտությունների բիզնես հնարավորությունները: Յուրաքանչյուր ժամանակ համապատասխան քայլեր է պահանջում. պետք է զարգացնել բիզնես մտածողությունն ու այն ծառայեցնել կրթության բովանդակության առաջընթացին»,-ընդգծեց Աշոտ Խոեցյանը:

Վերջինս ուսանողներին հորդորեց լինել ակտիվ. սա հետաքրքիր մտահղացումներն իրականացնելու լավագույն տարիքն է, իսկ փորձառության հարցում կօգնեն ժամանակակից տեխնոլոգիաները. «Մենք մտածողության փոփոխության կարիք ունենք: Իմ կյանքում երազանքը շատ մեծ տեղ ունի. այն մարդը, ով երազում է և դրան հասնելու քայլեր է անում, անշուշտ, մեծ ապագա ունի»,- հանդիպման ավարտին նշեց Աշոտ Խոեցյանն ու հիշեցրեց հայտնի ճշմարտությունը՝ առանց ուսանողի բուհի հնարավոր զարգացումների տեսլականը չի կարող իրականություն դառնալ:

Ռեկտորն ուսանողներին հորդորեց հետևողականորեն խորացնել մասնագիտական գիտելիքները, սովորել օտար լեզուներ և չկորցնել երազելու ունակությունը:

Comment here