ԳլխավորԼուր

«Ազատություն Վագիֆ Խաչատրյանին». ուսանողները փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի տարբեր բուհերի տասնյակ ուսանողներ այսօր՝ հուլիսի 31-ին, վաղ առավոտից «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» վանկարկումներով փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը:

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ հավաքված ուսանողները վանկարկում են «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» և պահանջում հանդիպում կառույցի ղեկավարության հետ:

Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։ Սննդամթերքների որոշ տեսակներ վաճառվում են կտրոնով։