ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում 20 նոր ընդունված արցախցի կա. բուհերը օնլայն ուսուցում կկազմակերպե՞ն

ԵՊՀ

Օրեր առաջ Հակարիի կամրջից 3 ուսանողների առևանգումից հետո ադրբեջանական կողմն արգելել է ուսանողների ելքն Արցախից: Usanogh.am-ը ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանից հետաքրքրվեց` Արցախի ուսանողները, որոնք ուսումնական այս տարում ընդունվել են հայաստանյան բուհեր, և, առհասարակ, արցախցի ուսանողները, որոնք սովորում էին հայաստանյան բուհերում, և հիմա շրջափակման պատճառով չեն կարողանում հատել սահմանը, ինչպե՞ս են իրականացնելու կրթական գործընթացը, արդյո՞ք նրանց համար մեր բուհերը կկազմակերպեն օնլայն ուսուցում: Կարինե Մանուկյանն այդ հարցով ուղղորդեց բուհեր` նկատելով, որ վերջիններս ունեն ակադեմիական ազատություն, և հաճախ իրենք են որոշում կրթության կազմակերպման ֆորմատն ու այլ դետալներ:

ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը Usanogh.am-ին տեղեկացրեց, որ ուսումնական այս տարում Մայր բուհ ընդունված արցախցի 20 ուսանող ունեն. «Նրանք դեռ հրամանագրված չեն ուսանողի կարգավիճակում, այս պահին բուհում ունենք ներքին որոշում, որ այդ գործընթացն անցնելուց հետո իրենց համար կկազմակերպվի առցանց ուսուցում»,-ասաց ԵՊՀ խոսնակը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանն էլ Usanogh.am-ի հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունից չունեն կոնկրետ ցուցում, ըստ որի արցախցի ուսանողների համար պետք է անցկացվի օնլայն ուսուցում. «Օրինակ` մագիստրատուրայի քննությունների պարագայում մեզ կոնկրետ ցուցում էր տրվել`բոլոր հնարավոր ձևերով կազմակերպելու քննական գործընթացը: Հիմա ԿԳՄՍ նախարարությունից կա ցուցում ներգրավել ուսանողներին կրթական գործընթացի մեջ, բայց առանձնահատուկ օնլայն ուսուցման մասով դեռ ցուցում չկա. դրա համար համապատասխան դրույթներ և նորմեր են պետք, որոնք այս պահին ապահովված չեն»,-ասաց նա:

Առաջիկայում կներկայացնենք նաև այլ բուհերի ծրագրերը` արցախցի ուսանողների կրթության կազմակերպման հետ կապված:

Հիշեցնենք, որ այս տարի հայաստանյան բուհերի ընդունելության մրցույթին (ներառյալ ներբուհական մասնագիտությունները) Արցախի Հանրապետությունից ընդունվածների թիվը 25 է:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ