ԳլխավորԼուր

Քոլեջներում և ուսումնարաններում ունենք 1160, իսկ բուհերում՝ 2065 տեղահանված արցախցի ուսանող

Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կատարած հիմնական աշխատանքները ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Խոսելով Արցախից բռնի տեղահանված սովորողների կրթության իրավունքի ապահովման մասին՝ նա հայտնել է, որ շուրջ 17000 երեխաներ հաճախում են ՀՀ դպրոցներ:

Սեղմ ժամկետում գործարկվել են բուհերի, քոլեջների և ուսումնարանների սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրերը, որոնք հնարավորություն են բռնի տեղահանված ԼՂ հայրենակիցներին Հայաստանում իրացնել կրթության իրավունքը բոլոր մակարդակներում:

«Քոլեջներում և ուսումնարաններում ունենք 1160, իսկ բուհերում՝ 2065 տեղահանված ուսանող: Ֆինանսական աջակցություն է տրվել նաև բռնի տեղահանված ընտանիքների այն ուսանողներին, որոնք Հայաստանի բուհերի, քոլեջների և ուսումնարանների ուսանողներ էին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկավարժների համար գործարկվել է ուսուցիչների գործուղման ծրագիրը, որը նրանց հնարավորություն է տվել արտամրցութային կարգով աշխատել Հայաստանի մի շարք մարզային դպրոցներում:

«Այս պահի դրությամբ 353 ուսուցիչ գործուղվել է մարզային բնակավայրերի դպրոցներ. աշխատավարձից բացի՝ նրանք ստանում են 30 տոկոս հավելավճար, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի որոշ համայնքներում՝ նաև լրացուցիչ 50000 դրամ հավելավճար: Որոշ ուսուցիչներ էլ աշխատանքի են անցել ընդհանուր հիմունքներով. ՀՀ դպրոցներում, ընդհանուր առմամբ, 500 ուսուցիչներ են աշխատում»,- եզրափակել է նախարարը: