ԳլխավորԼուր

Դասախոսները պահանջում են զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից

Հայաստանի մի շարք բուհերի դասախոսներ խստորեն դատապարտում են ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։ Facebook-ի իր էջում գրել է մի շարք բուհերում դասավանդող, «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Դավթյանը, ով իր գրառումը վերնագրել է «ստորագրահավաք»:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական ներդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը։

Պահանջում ենք զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից ու առհասարակ չսահմանափակել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը։

Հայտարարությունը բաց է միանալու համար (անհրաժեշտ է մեկնաբանություններում նշել դասախոսի անուն-ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, բուհը)»:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ մայիսի 2-ի ժ. 8.30-ից սկսելու են փողոցներ փակել։ Կոչ հնչեց դասադուլ ու գործադուլ անել։ Իսկ մինչ այդ աղբամաններով ու նստարաններով փակվեց հրապարակը, վրաններ տեղադրվեցին, որտեղ ցուցարարներ են գիշերել։

Ընդդիմության հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։

Մայիսի 2-ին մայրաքաղաքի մի շարք հատվածներ փակվել են ցուցարարների կողմից, ավելի ուշ փողոցները բացվել են, 200-ից ավելի մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն։

Մայիսի 3-ի առավոտյան ընդդիմադիրները վերսկսել են փողոցներ փակել Երևանում։