ԳլխավորԼուր

Ընդդիմությունը անհնազանդության բողոքի ակցիաներ է սկսում

Հանրահավաքի մասնակիցները պատրաստվում են վրաններ ու համապատասխան միջոցներ տեղադրել, որպեսզի կարողանան գիշերել, իսկ մայիսի 2-ից, ժամը 8։30-ից սկսած մեկնարկում են մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Վաղվանից հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ փակ են լինելու։

«Երևանի Կենտրոն համայնքում հատկապես, պետք է որևէ մեքենայի շարժ չլինի։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` վաղվանից սկսել նաև դասադուլ և գործադուլ»,– նշեց Սաղաթելյանը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ հայտարարեց.

«Այս ամենը կարճ է տևելու, սակայն չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր նպատակին։ Դիմում եմ ուսանողներին, երիտասարդներին` բոլորդ եկեք ու միացեք այս պայքարին, ձեր երկրի ապագայի համար է»,– ասաց պատգամավորը։

Հիշեցնենք՝ այսօր Երևանում՝ Ֆրանսիայի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել։