ԳլխավորԼուր

Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաքը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը` «հանուն Արցախի և Հայաստանի»։

«Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի սկզբում մի քանի արձանագրում արեց։

«Անցնող 1 շաբաթվա ընթացքում հայ ժողովուրդը ապացուցեց, որ ոտքի է կանգնել և մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը։ Օրվա իշխանությունը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։

Երկրորդ արձանագրումն այն է, որ հայ ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց և ամբողջ աշխարհին ասաց` ինքն է իր երկրի ու ապագայի տերը, հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին։ Փաստել ենք նաև, որ հայ ժողովրդի ճակատագիրն Ալիևից և Նիկոլից կախված չէ։ Մի քանի օր առաջ մենք նաև արձանագրեցինք, որ մայիսի 1-ը հայ ժողովրդի համար պատմական օր է` հայ ժողովրդի զարթոնքի օրն է և մեր միասնականության, համախմբվածության, մեջքն ուղղելու և վերջնական հաղթանակի գնալու սկիզբն է»,– ասաց Սաղաթելյանը։

«Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։

Այդ ընթացքում ընդդիմադիրները մայրաքաղաքում բազմաթիվ բողոքի ակցիաներ ու իրազեկման երթեր են անցկացրել։