ԳլխավորԶբոսանքներ Մարտինայի հետ

Հանգստյան օրվա կիսապտույտ

Շուկա

Շտապում եմ։ Անհանգիստ եմ, լարվածությունը սեղմել է կոկորդս, ատամներս աքցանել իրար։ Ծաղկավաճառի կրպակը երեկոյան հարստանում է նոր գույներով ու բույրերով. Երկար հետ֊հետ եմ նայում , մտածելով վերադարձիս մի փունջն ինձանով անելու մասին։

Մայրաքաղաքի տասնյակ «մոլերից» մեկի մոտ եմ։ Քաղաքը կենդանություն ստացավ այս էկրանապատ շենքի բացումից, ու «ՄՈԼագարներն» այս կողմերում հայտնվեցին։ Ձայնագրված կանացի ձայնը հորդորում է դիմակ կրել, իսկ տղամարդունը՝ հրավիրում հաճելի գնումների։

Մի կանգառ ներքև փողոցային առևտուրն է։ Մի ցնցոտիավոր մարդ լուցկի է ծախում՝ տուփերն իրար վրա աշտարակի պես շարած։ Զարմանալի վարպետությամբ անշարժության մեջ այդպես մնում է ժամերով։

Ծանրամարմին, շագանակագույն «դուբլյոնկայով» կինը «դեղին ձնծաղիկ» է վաճառում, որն իրականում կոչվում է Շտերնբերգիա Ֆիշերի ծաղիկ։ Կարմիր գրքում է գրանցված։ Կինը հենց նոր մի փունջը ծախեց ջահելի վրա, ով հանդգնել էր հետաքրքրվել. կարմիր տետրում շփշփալով նշեց՝ պլյուս մեկ փունջ։ Շուտով կսպառվի մոտի խմբաքանակը, կհավաքի տարաները, տոպրակներն ու ավտոբուսով կգնա տուն՝ գոհ առևտրից, կյանքից։

Լուցկիավաճառն էլի ոտքի վրա է։ Մոտենում, մեկ֊մեկ զրուցում են հետը։ Հետաքրքրվում են, թե ինչո՞ւ կրակայրիչների լուսավոր դարում հենց լուցկի է վաճառում։ Դեմքի անտարբերությունից զգացվում է, որ հարցը միլիոն անգամ լսված է, պատասխանված՝ ըստ այդ պահի տրամադրության։ Մեկը չկա հրի, արթնացնի, կարգին բիզնեսի ցուցումներ տա։ Մենակ հարցե~ր։

Կոկորդիս սեղմվածությունն անցավ։ Դիմակը բարձրացրի, խորը շունչ քաշեցի գարնանային օդից։ Թեքվեցի դեպի շուկայի նեղլիկ փողոց։ Լավաշ վաճառող տղան կտրատում էր լավաշները, հընթացս սիրալիր զրուցում շքեղ հագուկապով տիկնոջ հետ։ Մալականների շարքին եմ հասնում. գլխաշորով կինը, թթվաջուրը ծորացնելով, դատարկում է տակառը՝ ապրանքը շարելով սեղանի վրա։ Ձկնավաճառները տղամարդիկ են, ովքեր երիտասարդ աղջիկների այցելությունից ձգվում են, շփոթվում ու տուրիստ տեսած տաքսիստի ոգևորությամբ առաջարկում են իրենց ձկները։

Դուրս եմ գալիս, տերմինալով ինչ֊որ փոխանցում անում մեխանիկորեն ու շարունակում քայլել։

Հացաբուլկեղենի կրպակի մոտով անցնելիս թարմ հացի ու անուշեղենների բույրը խփում է քթիս, արձագանքում ստամոքսումս։ Ներս եմ մտնում ծխապատ տարածություն, որտեղ հերթի մեջ իններորդն եմ։ Գլխարկս դնում եմ, որ մազերս չծխոտվի։

Իմ տարիքի, բայց իր բոյի երեխա ունեցող մի կին ինձ չափում է ոտքից գլուխ, գլխից ոտքեր ու ծպպացնում։ Հասավ հերթս. վերցրի հավով կարկանդակ, թան ու մի նորույթ, կարծեմ ժալեբի… Աննպատակ, ոչ մի տեղ չգնացող մարդու ազատությամբ քարշ տվեցի մարմինս շուկայի հարակից տարածքով, մտա այգի։ Պապիկները թեժ զրուցում էին ներքաղաքական թեմաների շուրջ, թքում բետոնին, հայհոյում նախկիններին ու ներկաներին…

Հեռախոսի զանգը ինձ հետ բերեց իրականություն կամ տարավ իրականությունից։ Գործնական զանգ էր։

Վաղվանից էլի կմտնեմ խելահեղ աշխատանքային ռիթմի մեջ։

ՄԱՐՏԻՆԱ

Comment here