ԳլխավորԼուր

Հրաչյա Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել քաղաքի մաքրությունն ապահովող կանանց. տեսանյութ

Ամեն օր քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիների համար Կանանց միջազգային օրն այս տարի առանձնահատուկ նշանակություն ունեցավ, հայտնում են քաղաքապետարանից:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կազմակերպված միջոցառումը գնահատանքի յուրօրինակ դրսևորում էր՝ նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար: Շուրջ 230 աշխատակիցներին շնորհավորել ու շնորհակալագրեր է հանձնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Հայրենիքն ու մայրաքաղաքը սիրելը սկսվում է հենց չաղտոտելուց: Երբ ես շնորհակալագրեր էի հանձնում մեր աշխատակիցներին և սեղմում էի նրանց ձեռքը, զգում էի, թե որքան է կոշտացած. դրանք ամենօրյա աշխատողի ձեռքեր էին, և մենք բոլորս պետք է գնահատենք նրանց աշխատանքն ու չաղտոտենք Երևանը: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Նրանք մեր ընտանիքի ջերմությունն են: Ամենօրյա աշխատանքից հետո մենք վերադառնում ենք տուն, ստանում այդ ջերմությունն ու նոր էներգիայով գալիս աշխատանքի: Մենք պետք է փայփայենք այդ ջերմությունը, որպեսզի կարողանանք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է քաղաքապետը:

Սանիտարական մաքրման առումով Երևանում դեռևս խնդիրներ կան, որոնք լուծելու համար քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: