ԳլխավորԼուր

Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ- 2022» երևանյան մրցույթի օրը. տեսանյութ

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում են, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մանկական Եվրատեսիլը» Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ՝ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ լավագույն տասնյակում տեղ է զբաղեցրել:

«Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը նշել է. «Հայաստանին հաղթանակ բերած տարբերվող ու ժամանակակից «Քամի-քամի» երգը նոր նշաձող է սահմանել մեր մրցույթում, և մենք կասկած չունենք, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը գերազանց շոու կկազմակերպի հոբելյանական այս տարում»։