ԳլխավորԼուրՀայաստանս

Երևանը 2803 տարեկան է

Այսօր Էրեբունի-Երեւանի օրն է։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այդ կապակցությամբ ուղերձ է հղել.

«Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երեւանի օրը։ Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաեւ Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։

Այդուհանդերձ, մենք քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց ծրագրեր։ Դրանք վերաբերում են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներին՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, մշակույթին ու հատկապես, տրանսպորտային բարեփոխումներին։ Այդ ծրագրերը Ձեր դատին կներկայացնենք առաջիկա շաբաթներին՝ երեւանյան օրերի ընթացքում։

Մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երեւանը, միշտ եւ բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը։ Վստահ եմ, որ այս գիտակցությամբ հաջորդ տարիներին մենք կտոնենք մեր քաղաքի օրը։

Տոնդ շնորհավոր, Երեւա՛ն»,-նշված է ուղերձում։

Տեղեկանք. «Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ մեկ շաբաթ։ Միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից. հրատարակվեցին Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երևանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երևանի մասին նոր երգեր, թողարկվեցին բազմապիսի հոբելյանական հուշանվերներ։

Գեղեցիկ միջոցառումներ էին Ծաղկի տոնը, Երգի տոնը, որի ժամանակ 2750 հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարեց «Էրեբունի-Երևան» օրհներգը։

Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երևանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվեց «Էրեբունի», բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվեց Հանրապետության հրապարակում, նախագծվեց «Էրեբունի» գորգը, 2750 ծառ տնկվեց Արին-Բերդի ստորոտում և, վերջապես, հոբելյանական զանգվածային միջոցառումները եզրափակվեցին Հանրապետական մարզադաշտում` հանրահավաք-տոնահանդեսով։

Comment here