ԳլխավորԼուր

Հայաստանի պատմության թանգարանում կներկայացվեն 18-20-րդ դարերի զարդեր

Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 7-ին տեղի կունենա «Դրվագներ ինքնության. զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ:

Զարդերը կարևոր դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում և ցույց են տալիս ազգային գեղագիտական ընկալումները, զգացողությունը, ճաշակն ու ոճը:

Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերը ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել տարբեր երկրներում, և ամենակարևորը՝ ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին: