ԳլխավորԼուր

Արհեստի և արվեստի խաչմերուկում. ուսանողները սովորում են հագուստի մոդելավորում և զարդակիրառական արվեստ

«Հագուստի մոդելավորում և կարի արտադրություն», ինչպես նաև «Զարդակիրառական արվեստ» մասնագիտությունները բավականին մեծ տարածում ունեն միջին մասնագիտական կրթության ոլորտում, և ուսանողները մեծ հետաքրքրությամբ ընտրում են հենց այդ ուղղությունները, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» բաժնի ուսանողները սովորում են այդ մասնագիտության բոլոր նրբությունները: Քոլեջի ուսանողուհի Զարուհին պատմում է, որ իրենք ուսումնառում են ավանդական և ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները՝ նկարել, էսքիզներ անել, նախագծել, ձևել և արհեստանոցում կարել իրենց հագուստը:

«Քոլեջում մեր ուսանողական կյանքը շատ հետաքրքիր և յուրովի է անցնում, ամեն ինչ սովորում ենք և ավարտելիս ստանում հիմնարար գիտելիքներ: Մենք զրոյից սկսած սովորում ենք բատիկա՝ շարֆեր, հագուստ, էսքիզներ, մոդելներ՝ նկարելուց մինչև արտադրանքի վերջնական պատրաստ լինելը: Եթե սիրում ես քո մասնագիտությունը, ապա սովորելն էլ է հաճելի: Ավարտելուց հետո ցանկանում եմ հիմնել իմ կարի արհեստանոցը, իսկ ընկերներս, օրինակ, մտածում են բացել իրենց նկարչական ստուդիան: Ունեմ հետաքրքիր մտահղացումներ, որոնք ցանկանում եմ ի կատար ածել տարբեր եղանակներով: Եթե մարդու գիտելիքը բավարար է, և նա հետաքրքիր գաղափար է առաջ քաշում, ապա վստահեցնում եմ, որ ներդրողներ միշտ կարելի է գտնել»,- ասում է Զարուհին:

Արարատի պետական քոլեջի «Կարի արտադրություն և տեխնոլոգիա» մասնագիտությունն էլ մեծ պահանջարկ ունի տարածաշրջանում: Քոլեջում իրականացվում են կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ, որոնց շրջանակում ուսանողները քոլեջի կարի արհեստանոցում մոդելավորում, նախագծում և կարում են գեղեցիկ զգեստներ:

«Մեր ուսանողները հիմնականում իրենց համար են կարում և զգեստները ցուցադրում մոդուլների ուսուցման ավարտին: Մեր կարիերայի կենտրոնի մշտադիտարկմամբ՝ անցած տարվա շրջանավարտների 50 տոկոսն արդեն աշխատում է, որից 30 տոկոսը՝ իրենց մասնագիտությամբ: Մեր շատ շրջանավարտներ բացել են սեփական կարի արհեստանոցները և հաջող գործունեություն են ծավալում»,- փաստում է քոլեջի տնօրեն Էլլա Գասպարյանը:

Երևանի զարդարվեստի պետական ուսումնարանում սովորեցնում են մի շարք հետաքրքիր մասնագիտություններ՝ մանրանկարչություն, փայտի և մետաղի գեղարվեստական փորագրություն, ոսկերչություն, գոբելենագործություն, և շրջանավարտները ստանում են մասնագիտական կրթություն՝ հստակ որակավորմամբ:

«Ուսումնարանում ունենք հատուկ անկյուն, որտեղ ցուցադրված են սովորողների ձեռքի աշխատանքները՝ նկարներ, որմնանկարներ, փայտե աշխատանքներ: Դրանք մեր հպարտությունն ու հարստությունն են: Մեր ուսումնարանի կարգախոսն է՝ «Մենք հանդիպեցինք՝ ես և արվեստը»: Եթե կան գիտակցություն և ուսման որակ, ապա վստահեցնում եմ, որ դու հոգով և քո ստեղծած աշխատանքներով կդառնաս արվեստագետ: Մասնագիտություններ կան, որոնց շրջանավարտների 90 տոկոսից ավելին աշխատում է՝ ոսկերիչ, փայտի փորագրություն, գոբելենագործություն, մանրանկարչություն, մետաղի փորագրություն և այլն: Եթե համապատասխան աշխատատեղ չեն գտնում, ապա մեր շրջանավարտների 90 տոկոսն աշխատում է իրենց անհատական պատվերներով»,- վստահեցնում է քոլեջի տնօրեն Լուսինե Բարսեղյանը:

Ուսանողուհիներ, գոբելենագործություն մասնագիտությամբ սովորող Անին և Էլենն ասում են, որ այն շատ անհրաժեշտ մասնագիտություն է։ Նրանք ուսումնասիրում են նաև կար ու ձև, ժանյակագործություն, հելյունագործություն, կարում են հայկական տարազներ, զբաղվում ասեղնագործությամբ։

Comment here