ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել են օրերս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Նախարար Վահրամ Դումանյանը, ըմբիշներին շնորհավորելով Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում չեմպիոնության և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու կապակցությամբ, նրանց շնորհակալություն է հայտնել բոլորին հպարտություն պարգևելու և ոգևորվելու համար:
Ըմբիշները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և վստահեցրել՝ ջանք չեն խնայելու Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկաներից հետաքրքրվել է մարզումների ընթացքի, Օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերի և առկա խնդիրների մասին: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հարցերին արագ արձագանքելու, լուծման ուղիներ առաջարկելու համար և տեղեկացրել, որ ամեն ինչ ըստ ծրագրածի է ընթանում: Ֆեդերացիան նախատեսում է Օլիմպիական խաղերից առաջ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնել այնպիսի երկրում, որը ժամային գոտու և կլիմայի առումով նման կլինի Տոկիոյին, ինչի արդյունքում ըմբիշները նոր պայմաններին հարմարվելու համար ուժ և ժամանակ չեն ծախսի: Նշվել է, որ Ռուսաստանի ընտրանու հետ արդեն իսկ կա համատեղ հավաք անցկացնելու նախնական պայմանավորվածություն:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն էլ ընդգծել է, որ իր գլխավորած ընտրանին շարունակելու է հետևողական աշխատանքը և ջանք չի խնայելու մեր եռագույնը միջազգային հարթակներում բարձրացնելու համար։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։