ԳլխավորԼուր

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն ամբողջությամբ քննարկվել է

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել են նախագիծն ԱԺ համապատասխան հանձնաժողովի քննարկմանը վերադարձնելուց հետո:

«Այս ժամանակահատվածն իրապես օգտակար էր, քանի որ օրենքի նախագիծը բավականին բարելավվել է՝ շահագրգիռ կողմերի հետ կազմակերպված քննարկումների արդյունքում: Բավականին արդյունավետ էր Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում կայացած ռեկտորների հետ հանդիպումը, որի արդյունքում նախագծում փոխվել են տարբեր ձևակերպումներ, մասնավորապես՝ ռոտացիայի սկզբունքը, բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման դրույթը, որն առավել հստակեցվել է՝ ընդունելի ձևակերպումներով»,- նշել է նախարարը:

Վահրամ Դումանյանի խոսքով՝ հաշվի առնելով մի շարք կարծիքներ՝ էական փոփոխություն է տեղի ունեցել ռեկտորների ընտրության և նշանակման հարցում: Ընտրանքային տարբերակը փոխարինվել է ընտրության սկզբունքով. ներկա տարբերակում ռեկտորը կընտրվի կառավարման խորհրդում և կհրամանագրվի 5 տարի ժամկետով: Ըստ նախարարի՝ ամբիոնի վարիչն այլևս կհամարվի ակադեմիական պաշտոն, կփոխվի նաև ռեկտորի համար սահմանված տարիքային շեմը՝ այն 65-ից դարձնելով 70: Եթե գործող օրենքով խորհուրդներում ուսանողների թիվը 25 տոկոս է, ապա նախագծով այն սահմանվում է մինչև 25 տոկոս: Նախագծում, գիտական աստիճանից զատ, բուհի ռեկտորին ներկայացվող պահանջ է դրվում 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության ստաժի առկայությունը:

Նախարարի ելույթից հետո հնչել են հարցեր: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին հետաքրքրել է, թե ինչպես է պետությունը պատրաստվում լուծել մարզային բուհերում որակյալ մասնագետների բացակայության խնդիրը: Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ այդ խնդրի լուծմանն է ուղղված, այդ թվում՝ մարզային բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացի փոփոխությունը. «Հուսով եմ, որ դրա արդյունքում բոլոր բուհերը կունենան անհրաժեշտ կադրային բազա, որպեսզի հավուր պատշաճի կատարեն իրենց աշխատանքը: Բուհում աշխատելը պետք է լինի գրավիչ, և դրան են միտված կառավարման համակարգի ձևավորման նոր մոտեցումները»:

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշել է, որ ռեկտորների խորհուրդն իր անհամաձայնությունն է հայտնել նախագծով սահմանված կառավարման խորհուրդների ձևավորման դրույթին՝ շեշտելով, որ այն հակասում է բուհական ինքնավարության սկզբունքին:

«Ափսոսում եմ, որ ներկա չէիք ռեկտորների հետ հանդիպմանը, որը, թերևս, ամենաբովանդակալից քննարկումն էր այս ողջ ընթացքում: Ակադեմիական ինքնավարության սկզբունքը շատ կարևոր է, բայց նաև պետությունը պետք է որոշակի վերահսկողություն և պատասխանատվություն ստանձնի այս գործընթացում»,- փաստել է Վահրամ Դումանյանը:

Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել այս տարիների ընթացքում օրենքի նախագիծը մշակած բոլոր կողմերին և անհատներին: Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում նախագծում կատարվել են բավականին կարևոր փոփոխություններ, և փոխհամաձայնության արդյունքում ռեկտորների մի շարք առաջարկներ ներառվել են նախագծում: Նա հույս է հայտնել, որ օրենքի նախագծով ամրագրված ուսանողական միավորումներն այլևս կբացառեն բուհերի կուսակցականացման արատավոր գործընթացը:

Զեկույցներին հաջորդել է մտքերի փոխանակությունը. նախագծի վերաբերյալ հնչել են շուրջ մեկ տասնյակ ելույթներ: Անդրադարձ է կատարվել ռեկտորի ընտրության և նշանակման, ռոտացիայի սկզբունքների, վարչական պաշտոնների տարիքային շեմի սահմանափակման, հավատարմագրման ժամկետների, բուհերի արհմիությունների, գիտության ֆինանսավորման, բուհերի ակադեմիական ինքնավարության, պետության վերահսկողական մեխանիզմների, կառավարման խորհուրդների ձևավորման և այլ հարցերի:

Եզրափակիչ ելույթում նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, ռեկտորներին և բոլոր շահագրգիռ կողմերին՝ առաջարկությունների և դիտողությունների համար:

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր գեթ մեկ անգամ օրենքի նախագիծը կարդացել են և հանդես եկել համապատասխան առաջարկություններով: Շնորհակալ եմ նաև այն պատգամավորներին, որոնք այսօրվա ելույթներում դեմ են արտահայտվել նախագծին: Իհարկե, գուցե մենք մնացինք տրամագծորեն տարբեր բևեռներում, սակայն կարևորն այն է, որ նրանց ելույթները նվիրված էին բուն նախագծին»,- նշել է նախարարը՝ վստահեցնելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի կրթության և գիտության ոլորտի զարգացմանը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի նախագիծն ընդունելու մասին հարցը քվեարկության կդրվի մարտի 24-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական նիստում:

Comment here