Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Երևանի թիվ 6 ուսումնարանի բակում հուշաքար է բացվել` ի հիշատակ 2020 թվականի պատերազմի զոհերի

Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի բակում բացվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված սաներին նվիրված խաչքար-հուշաքար։ Ուսումնարանի ուսանողները զիվորական համազգեստով պատվո պահակ են կանգնել հուշաքարի մոտ ու անուն առ անուն հիշել բոլորին՝ ներկայացնելով մանրամասներ նրանց նվիրումի ու հերոսական դրվագների մասին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Բացման արարողությանը մասնակցել են հերոսների ծնողները, ԿԳՄՍ նախարարության և Աջափնյակ վարչական շրջանի ներկայացուցիչները, պատերազմի վետերանները, ինչպես նաև պատերազմին մասնակից նրանց ծառայակից ընկերները:

Ուսումնարանի տնօրեն Սոնա Գրիգորյանը ներկայացրել է, որ կրթօջախը հայրենիքին տվել է 14 անմահ հերոսներ, որոնց անմահացումը որքան ցավով ու ափսոսանքով, նույնքան հպարտությամբ ու երախտիքով է համակել ուսումնարանի մանկավարժներին և ուսանողներին։

Խաչքար-հուշաքարը և հերոսների անվանակոչմամբ ծառուղին կառուցվել է գործարար Ռուդիկ Ավդալյանի աջակցությամբ, իսկ օծման արարողությունը կատարել է Տեր Զորայր քահանան:

Ուսումնարանի տնօրեն Ս․ Գրիգորյանի հավաստմամբ՝ խաչքար-հուշաքարն ու ծառուղին ոչ միայն հիշատակի ու ոգեկոչման խորհուրդ ունեն, այլև դառնալու են ուսանողների և հարակից դպրոցների աշակերտների համար հայրենասիրության ու նվիրումի թեմայով բաց դասերի անցկացման լավագույն վայրը: