ԳլխավորԼուր

Աննա Թերքոթ-Աստվածատուրյանն ընտրվել է Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ

Աննա Աստվածատրյան

«Աննա Աստվածատրյան» հիմնադրամի նախագահ, բարերար, ամերիկաբնակ գրող, իրավաբան Աննա Թերքոթ-Աստվածատուրյանն ընտրվել է ԱՄՆ Մեն նահանգի Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակում է պատրաստել Portland Press Herald-ը՝ մեր հայրենակցին ներկայացնելով որպես պատմություն կերտող, այս պաշտոնում առաջին կին և ներգաղթյալ ղեկավարը: Քաղաքային խորհուրդն Աննա Աստվածատրյանին ընտրել է փակ գաղտնի քվեարկությամբ:

Օրաթերթը ներկայացրել է Թերքոթի կենսագրության որոշ դրվագներ, մասնավորապես այն, որ նա ծնվել է Ադրբեջանում, սակայն նրա ընտանիքը ստիպված է եղել լքել Բաքուն, երբ Աննան դեռ երեխա էր, հայերի դեմ իրականացվող հարձակումների պատճառով: Ընտանիքը երեք տարի ապրել է Հայաստանում, որից հետո տեղափոխվել են ԱՄՆ: Այստեղ Աննա Աստվածատուրյանը ստացել է իրավաբանի կրթություն, այնուհետև որպես քարտուղար աշխատել Հաագայի Միջազգային քրեական դատարանում: 2012-ին հրատարակել է Բաքվի ջարդերի իր օրագիրը՝ «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» վերնագրով:

Մենում նրա քաղաքական կարիերան սկսվել է 2013 թվականից, երբ հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Մի քանի տարի հետո արդեն դարձել է Մենի քաղաքային խորհրդի անդամ:

Աննա Թերքոթ-Աստվածատուրյան հայտնի է Արցախի միջազգային ճանաչման գործում իր մեծ դերակատարմամբ: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ նախաձեռնել է «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ եւ դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը պատերազմից հետո Արցախում հաստատված ընտանիքների կարիքների գնահատման նպատակով՝ նպաստելու հետագայում թիրախավորված քաղաքականության մշակմանը: