ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից Միքելանջելոյի Դավթի արձանի պատճառով

Միքելանջելոյի Դավթի արձանը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Tallahassee Classical դպրոցի տնօրենը ստիպված է եղել աշխատանքից ազատվել այն բանից հետո, երբ ծնողներից մեկը բողոքել է, որ 6-րդ դասարանցիներին դասի ժամանակ պոռնոգրաֆիկ նկարներ են ցուցադրել: Վերածննդի արվեստի պատմության դասի շրջանակներում երեխաները ուսումնասիրել են Միքելանջելոյի Դավթի արձանը:

Տեղեկությունը հայտնում է BBC-ն։

Դավիթը աստվածաշնչյան կերպար է, ով հաղթել է հսկա Գողիաթին։ Դավիթի մերկ կերպարի արձանը միջնադարի ամենահայտնի արվեստի գործերից մեկն է։

Նույն դասի շրջանակներում դպրոցականներին վերլուծության համար առաջարկվել են Միքելանջելոյի «Ադամի ստեղծումը» և Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավները: Երկուսն էլ ցույց են տալիս մերկ մարմիններ:

Ծնողներից մեկը հայտարարել է, որ դրանք պոռնոգրաֆիկ աշխատանքներ են։ Եվս երկուսը կարծում են, որ նման նյութը դասից առաջ պետք է համաձայնեցվի ծնողների հետ:

Բոտիչելիի «Վեներայի ծնունդը»

Դպրոցի տնօրեն Հոուփ Կարասակիայի խոսքով ՝ ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ դպրոցի խորհուրդը նրան ընտրության առաջ է կանգնեցրել ՝ ինքնակամ հեռանալ, կամ ազատվել աշխատանքից:

Նա նշել է, որ իրեն աշխատանքից ազատելու պատճառ չեն հայտնել, սակայն դա կապում է Դավթի արձանի հետ կապված բողոքների հետ:

Կարասակիան դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է մեկ տարուց պակաս։

Դպրոցի խորհրդի ղեկավար Բարնի Բիշոփը հայտարարել է, որ անցյալ տարի նախորդ տնօրենը ծնողներին ծանուցագրեր էր ուղարկել այն մասին, որ դասի ժամանակ քննարկվելու են Միքելանջելոյի աշխատանքները, իսկ այս տարի դա չի արվել ու դա անվանել է կոպիտ սխալ։ Ըստ նրա, որ ծնողներն իրավունք ունեն իմանալու, թե երբ են իրենց երեխային վիճահարույց թեմա ուսուցանում կամ երկիմաստ պատկերներ ցուցադրում:

«Մենք չենք պատրաստվում մանկապարտեզներում ցույց տալ Դավթի ամբողջական արձանը։ Մենք չենք պատրաստվում այն ցույց տալ երկրորդ դասարանցիներին: Դավթի արձանն ամբողջությամբ ցուցադրելը տեղին է ՝ սկսած որոշակի տարիքից։ Եվ մենք մտադիր ենք ճշտել, թե կոնկրետ որ»,- ասել է Բիշոփը։

Մարտի 23-ին Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը հրամայել է ընդլայնել նահանգի օրենքի շրջանակը, որն արգելում է սեռական կրթությունը և ավագ դպրոցում գենդերային ինքնության հարցերի քննարկումը:

Օրենքը խախտած ուսուցիչներին աշխատանքից ազատում է սպառնում ՝ ընդհուպ մինչեւ դասավանդման լիցենզիայից զրկումը։