Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Հարվարդի համալսարանի հարկերից ազատված կարգավիճակը ՝ սպառնալով էական հարված հասցնել համալսարանի ֆինանսներին և ազդարարելով ԱՄՆ էլիտար ուսումնական հաստատությունների վրա իր հարձակման նոր փուլի մասին, տեղեկացնում է Financial Times-ը։
«Մենք պատրաստվում ենք զրկել Հարվարդին հարկերից ազատված կարգավիճակից։ Դա այն է, ինչին նրանք արժանի են»,- այսօր առավոտյան Truth սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը:
Սա խորացնում է դիմակայությունը Հարվարդի և Սպիտակ տան միջև, որը նաև հայտարարել է, որ համալսարանը կզրկի ավելի քան 2,2 միլիարդ դոլար դաշնային ֆինանսավորումից, ինչի պատճառով անցյալ ամիս Հարվարդը դատի էր տվել Թրամփի վարչակազմին։
Թրամփն ակտիվացրել է իր հարձակումները ԱՄՆ համալսարանների և այլ հաստատությունների վրա, որոնք նրա կողմնակիցները չափազանց առաջադեմ են համարում: Այսօր ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կդադարեցնի նաև հանրային հեռարձակողներ PBS-ի և NPR-ի դաշնային ֆինանսավորումը: Վարչակազմը մեղադրում է նրանց Թրամփի և նրա ծրագրի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ, մինչդեռ նախագահի ընդդիմադիրները քննադատում են նրա կոշտ միջոցները ՝ որպես խոսքի ազատության վրա ընդլայնվող հարձակում:
Անցյալ շաբաթ նախագահը մեղադրեց ԱՄՆ առաջատար համալսարաններին, այդ թվում՝ Հարվարդին, օտարերկրյա խոշոր նվիրատվությունների մասին դաշնային օրենքները խախտելու մեջ: Որոշ համալսարաններ իրենց հարկային կարգավիճակից զրկելուն զուգահեռ, կառավարությունը նաև քննարկում է հավատարմագրման համակարգի վերանայումը, որը համալսարաններին իրավունք է տալիս դաշնային ֆինանսավորում ստանալ, ներառյալ՝ ուսանողական վարկերը: