ԱՄՆ կրթության նախարարությունը հայտնել է, որ Հարվարդի համալսարանին զրկում է 2,2 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորումից:
«Հակասեմիտիզմի հակազդման հատուկ միացյալ բաժինը հայտարարել է Հարվարդի համալսարանի 2,2 միլիարդ դոլարի բազմամյա դրամաշնորհների եւ 60 միլիոն դոլարի բազմամյա պայմանագրերի սառեցման մասին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ կառավարությունը վերանայում է բուհին 9 միլիարդ դոլարով ֆինանսավորելու հարցը: Համալսարանի ղեկավարությունը զգուշացրել է, որ դա կարող է դադարեցնել ուսումնական և հետազոտական ծրագրերը։
Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփի վարչակազմը մի շարք պահանջներ է առաջադրել ֆինանսավորումը շարունակելու համար, մասնավորապես՝ հրաժարվել Բազմազանության, հավասարություն ու ներառականության (DEI) ծրագրից։
Հարվարդի ղեկավարությունն իր հերթին հայտարարել է, որ թույլ չի տա որևէ կուսակցության կառավարությանը թելադրել «մասնավոր համալսարանին ինչ սովորեցնել, ում ընդունել որպես ուսանող և ում ընդունել աշխատանքի»:
Սպիտակ տունն ավելի վաղ ամերիկյան համալսարաններից պահանջել էր ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների պաշտպանությունը՝ սպառնալով կրճատել ֆինանսավորումը: Դրանց թվում է Կոլումբիայի համալսարանը, որն արդեն կորցրել է 400 միլիոն դոլար:
Սկսվել է նաեւ օտարերկրյա ուսանողների ուսումնական վիզաների չեղարկման ու նրանց արտաքսման գործընթաց։
Ամերիկյան բուհերում հակաիսրայելական ակցիաներ են անցկացվում՝ կապված Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետ, որը հաջորդել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հարձակմանը և Իսրայելի կողմից Գազայի հատվածի հետագա ռմբակոծմանը։