Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ի՞նչ են պատրաստվում անել ԱՄՆ առաջատար համալսարանները 2020-ի աշնանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների 25 առաջատար քոլեջների ու համալսարանների մեծ մասը հայտնել են իրենց ծրագրերի մասին, որոնց մեջ կան թե′ 2020-ի աշնանից առկա ուսուցման վերադառնալը, թե′ ուսումնական կիսամյակը հետաձգելը, թե‘ ամբողջովին հեռավար կրթության անցնելը, տեղեկացնում է businessinsider.com-ը։

Ամերիկյան համալսարանները սկսեցին հեռավար ուսուցման անցնել 2020-ի մարտից՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով

Մի քանի բուհեր, ինչպես, օրինակ, Հարվարդի համալսարանը, նախատեսում են եւս մեկ հեռավար կիսամյակ անցկացնել, իսկ, օրինակ, Ռայսի համալսարանը ծրագրում է բացել ուսումնական մասնաշենքերը՝ հետեւելով սոցիալական հեռավորություն պահպանելու կանոններին։

Թաֆտսի համալսարան

Թաֆտսի համալսարանի ղեկավարությունը վստահ չէ, որ կվերաբացվեն աշնանը, Tufts Daily պարբերականի հետ զրույցում ասել է Արվեստների եւ գիտությունների դպրոցի դեկան Ջեյմս Գլեյզերը։ Նա նշել է, որ ապրիլի 14-ին իրենք հայտարարել են, որ սառեցնում են աշխատավարձերի վճարումները, կապիտալ բոլոր նախագծերը։ Պանդեմիայի պատճառով բուհը 15 մլն դոլարի վնաս է կրել։

Ջորջթաունի համալսարանն առայժմ չի հայտնել իր հետագա ծրագրերի մասին։

Միչիգանի համալսարանի նախագահ Մարկ Շլիսելը հայտարարել է, որ ինքը «զգուշավոր լավատեսորեն» է տրամադրված աշնանը առկա պարապմունքներին անցնելու նկատմամբ, սակայն դեռեւս չի պատկերացնում, թե ինչպես են հասնելու դրա իրագործմանը։

Ամհերստի համալսարանի նախագահ Բիդի Մարինը տեղեկացրել է ուսանողներին, որ աշնանային կիսամյակի վերաբերյալ որոշում կընդունեն, ամենայն հավանականությամբ, հունիսին։

Կոռնելի համալսարանի ռեկտոր Մայքլ Կոտլիկոֆը հայտարարել է, որ չնայած դասերը 2020-ի աշնանը կվերսկսվեն, սակայն հայտնի չէ, թե ինչ եղանակով՝ առկա՞, թե՞ հեռավար։

Կոռնելի համալսարան

Բոուդոյնի քոլեջի նախագահ Քլեյթոն Ռոուզը էլեկտրոնային նամակով ուսանողներին տեղեկացրել է, որ աշնանային կիսամյակի վերաբերյալ որոշումը կընդունվի հունիսի 15-ին։

Հարավային Կալիֆոռնիայի, Չիկագոյի եւ Վանդերբիլթի համալսարանները դեռեւս չեն հայտնել իրենց հետագա պլանների մասին։

Նոտր Դամի համալսարան

Նոտր Դամի համալսարանը դասախոսներին էլեկտրոնային նամակով տեղեկացրել է, որ աշնանային կիսամյակի մասին կտեղեկացնի հունիսի կեսերին։

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը դեռեւս չի հայտնել իր հետագա ծրագրերի մասին։

Դարթմուտի քոլեջի պրոռեկտոր Ջոզեֆ Հելբլը տեղեկացրել է, որ հետագա պլանների մասին կխոսեն հունիսին կամ հուլիսին։

Վաշինգթոնի համալսարանի կանցլեր Էնդրյու Մարտինը հայտարարել է, որ կրթօջախը կվերաբացվի աշնանը, սակայն պարզ չէ, թե ուսուցման ինչ եղանակ կընտրեն։

Պոմոնի քոլեջի նախագահ Ջ. Գաբրիել Սթարը պատմել է Los Angeles Times-ին, որ քննարկում են աշնանային կիսամյակի մեկնարկի հետաձգման կամ մասնակի հեռավար կրթության անցնելու տարբերակները։

Հյուսիս-արեւմտյան համալսարանի հայտարարության համաձայն՝ աշնանային կիսամյակի ծրագիրը դեռ չի մշակվել, իսկ դասընթացների գրանցումը հետաձգված է առնվազն մինչեւ հուլիսի վերջ։

Ռայսի համալսարանի նախագահը ուսանողներին ուղղված նամակում նշել է, որ մտադիր են ուսումնական մասնաշենքերը բացել աշնանը։ Մինչ այդ քննարկվում է կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցները, այդ թվում օտարերկրյա ուսանողների դասերը սկսելու ճկուն գրաֆիկ սահմանելը եւ որոշ դասընթացները հեռավար անցկացնելը։

Փենսիլվանիայի համալսարանի կայքում նշված է, որ նախատեսում են 2020-ի աշնանը կիրառել առկա եւ հեռավար ուսուցումների համակցված տարբերակները։

Կոլումբիայի համալսարանի նախագահ Լի Ս. Բոլինգերը հաստատել է, որ բուհը կվերսկսի աշխատանքները աշնանը, խոստանալով մանրամասներ հայտնել մոտակա երկու ամսվա ընթացքում։

Բրաունի համալսարանի նախագահ Քրիստինա Փաքսոնը Wall Street Journal-ին տեղեկացրել է, որ համալսարանում կանցկացվեն անհատական պարապմունքներ, բայց որոշ ուսանողներ կարող են շարունակել հեռավար ուսումնառությունը։

Դյուկի համալսարանի նախագահ Վինսենթ Փրայսը ապրիլին հայտարարել է, որ աշնանային կիսամյակի վերաբերյալ որոշումը կընդունեն օգոստոսին, տեղեկացնում է Duke Today-ը։

Փրինսթոնի համալսարանի նախագահ Քրիս Էյսգրուբերը տեղեկացրել է, որ աշնանը առկա կամ առցանց ուսուցման վերաբերյալ որոշումը կընդունվի հուլիսի սկզբին։

Փրինսթոնի համալսարան

Հարվարդի համալսարանի ներկայացուցիչ Ալան Մ. Գարբերը նամակով հայտնել է, որ համալսարանը պատրաստ է վերսկսել աշխատանքը աշնանը, սակայն պետք է պատրաստ լինել ամբողջովին հեռավար ուսուցման անցնելուն՝ նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար։

Եյլի համալսարանի նախագահ Պիտեր Սալովեյը նամակ է հղել եւ տեղեկացրել, որ աշնանային կիսամյակի մասին կտեղեկացնեն հուլիսին։

Սթենֆորդի համալսարանի աշնանային պլանավորման նպատակային խմբի համանախագահներ Արոն Ռոդրիգը եւ Ստեֆանի Ղալֆայանը հայտնել են, որ աշնանային կիսամյակի ծրագիրն ամենայն հավանականությամբ կներկայացնեն մայիսին։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կայքում տեղադրված հայտարարություններից պարզ է դառնում, որ կրթօջախն աշխատում է 2020-ի աշնանը վերաբացվելու ծրագրերի ուղղությամբ։

usanogh.am

Ըստ businessinsider.com

Comment here