ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում կրակել են պաղեստինցի ուսանողների վրա

Պաղեստինցի արաբ ուսանողներ ԱՄՆ-ում

ԱՄՆ Վերմոնտ նահանգի Բերլինգթոն քաղաքում շաբաթ երեկոյան կրակել են ամերիկյան քոլեջներում սովորող երեք պաղեստինցի ուսանողի վրա, հայտնում է Reuters-ը։

Նրանք բոլորը 20 տարեկան են, 2-ը ԱՄՆ քաղաքացի են, մեկը՝ օրինական կեցության կարգավիճակ ունեցող։ Տուժածները տարբեր ծանրության հրազենային վիրավորումով հոսպիտալացվել են։

Ոստիկանները չեն հայտնաբերել կրակոցներ արձակողին։

Հրաձգությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում իսլամաֆոբիայի և հակասեմական բնույթի միջադեպերի աճի ֆոնին:

Ուսանողները խոսում էին արաբերեն և կրում էին պաղեստինյան ավանդական կեֆիեներ (մերձավորարևելյան հագուստի ավանդական սև և սպիտակ վանդակավոր շարֆ-խմբ.)։

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:

Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։

Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 14 800-ը, տուժածների թիվն ավելի քան 36 000 է։

Իսրայելի զոհերի թիվը 1200 է, վիրավորվել է ավելի քան 5 000 մարդ։

Նոյեմբերի 24–ից Գազայի հատվածում 4–օրյա հրադադար է հաստատվել, սկսվել է պատանդների ու գերիների փոխանակումը։