Պաղեստինյան «Համաս» շարժումը վերջին տարիների ամենալայնածավալ հարձակումն է սկսել Իսրայելի դեմ, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
«Համաս»-ի ռազմական հրամանատար Մոհամմադ Դեյֆը կոչ է արել պաղեստինցիներին ամենուրեք պայքարել:
«Սա ամենամեծ ճակատամարտի օրն է՝ վերջ դնելու օկուպացիային»,- ասել է նա՝ հավելելով, որ արձակվել է 5000 հրթիռ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել անվտանգության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։
«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը- Կֆար Սաբան, Հոդ Հաշոռոնը»,– գրել է նա:
Չերնամորյանի խոսքով` հատկապես ծանր հրթիռակոծության են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շևվա, Սդերոտ քաղաքները: Իսկ Աշկելոնում հրթիռը ընկել է շենքի վրա, կա մեկ զոհ, վիրավորների և տուժածների մասին դեռ չի հաղորդվում:
Նա նաև կադրեր է հրապարակել Սդերոտ քաղաքից։ Մարդիկ իրենց բնակարաններից նկարահանել են քաղաք ներթափանցած գրոհայիններին, որոնք զենքը ձեռքներին շրջում են քաղաքի փողոցներով։
«The Times of Israel»–ն էլ հայտնում է, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված զանգվածային հրթիռակոծության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ավելի քան 100-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Նշվում է, որ 20 րոպեում Իսրայելի ուղղությամբ ավելի քան 5000 հրթիռ է արձակվել։
«Համաս» շարժումը հայտարարել է, որ «Ալ Աքսի ջրհեղեղ» գործողություն է իրականացնում, որի նպատակը պաղեստինյան պետության ստեղծումն է: