Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հայտնել է, որ այսօր առավոտվա տվյալներով՝ ռուսական հարձակման հետեւանքով զոհվել է 198 մարդ, այդ թվում` 3 երեխա։ Կա 1115 վիրավոր, նրանցից 33-ը երեխաներ են։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քաղաքը պաշտպանական փուլ է մտել, որոշ շրջաններում կրակոցներ ու պայթյուններ են հնչում, քաղաք են ներթափանցել ռուսական դիվերսիոն խմբեր։
Նա նաև հայտնել է, որ ռուսները փորձում են Կիև ներխուժել Գոստոմելայի ու Ժիտոմիրի կողմից։
Քաղաքապետը համաքաղաքացիներին կոչ է արել խուճապի չմատնվել ու մնալ թաքստոցներում (այդ թվում՝ մայրաքաղաքի մետրոյում-խմբ.), քանի որ հավանական են օդային հարվածները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Ռազմական գործողությունը շարունակվում է արդեն երրորդ օրը։