ԳլխավորԼուր

Զոհվել է Եվրոպական համալսարանի ուսանող Գոռ Համբարձումյանը

Գոռ Համբարձումյան

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանող Գոռ Համբարձումյանը։ Այս մասին տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից։

«Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանական մարտերում հերոսաբար զոհվել է Հայաստանի եվրոպական համալսարանի Լեզվաբանության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գոռ Վարդանի Համբարձումյանը (ծնված 2001թ․, օգոստոսի 6-ին

Հայաստանի եվրոպական համալսարանի ողջ անձնակազմը ցավակցում և վշտակցում է իր սիրելի ուսանող Գոռ Համբարձումյանի անդառնալի կորուստը և իր զորակցությունն է հայտնում նրա ծնողներին, հարազատներին և մտերիմներին։

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 14:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս Եկեղեցուց»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմը սեպտեմբերի 16-ի դրությամբ ունի 135 զոհ։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել։

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։

Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: