Ադրբեջանական ռազմական ագրեսիայի շրջանում տեղակայված ստորաբաժանումներից մեկի անձնակազմը, մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո, դուրս է եկել մարտական առաջադրանք կատարելու և առաջին իսկ վայրկյաններից մարտի բռնվել հակառակորդի քանակապես գերազանցող հատուկ ջոկատայինների հետ:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Ինտենսիվ հրթիռահրետանային հարվածների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների չդադարող կրակի տակ, համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով, ջոկի հրամանատար, ենթասպա Խաչիկ Էդվարդի Մինասյանն ու սերժանտ Նարեկ Մխիթարի Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա:
Կատաղի փոխհրաձգության ընթացքում ենթասպա Մինասյանը վիրավորվել է: Նրա հետ նույն դիրքում գտնվող սերժանտ Հակոբյանը փոխել է իր տեղը` կրակի ուղղությունը շեղելով իր վրա` փորձելով այդպես փրկել վիրավոր ընկերոջ կյանքը:
Սերժանտ Հակոբյանը կռվել է մինչև վերջին փամփուշտը: Սակայն որոշ ժամանակ անց ենթասպա Մինասյանի ու սերժանտ Հակոբյանի հետ կապն ընդհատվել է:
Ստորաբաժանման փայլուն գործողությունների շնորհիվ հաջողվել է հետ շպրտել հակառակորդին` պատճառելով մեծաթիվ կորուստներ: Իսկ այդ մարտական հաջողության մեջ անուրանալի են ենթասպա Խաչիկ Մինասյանի և սերժանտ Նարեկ Հակոբյանի անձնազոհությունը»,-գրել է նա:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմը սեպտեմբերի 16-ի դրությամբ ունի 135 զոհ։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել։
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։