ԳլխավորԼուրՀայաստանս

«Մի՛ ուրացիր». Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է ամենամյա ջահերով երթը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական դարձած ջահերով երթը դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ։ Երթն այս տարի անցկացվում է «Մի՛ ուրացիր» խորագրի ներքո։

Ջահերից բացի երթի մասնակիցների ձեռքերում են Արևմտյան Հայաստանի և Արցախի բնակավայրերի անուններով ցուցանակներ։

«110 տարի շարունակ աշխարհին ասում ենք ճշմարտությունը, որ ոճիրը եղել է, ու այն երբեք չի մոռացվելու։ Մենք կանգնած ենք այս հրապարակում ոչ թե որպես զոհ, այլ ապացույց այն բանի, որ Թուրքիան ձախողել է։ 110 տարի առաջ նրանք մտածում էին, թե կվերացնեն մեզ, կջնջեն մեր հետքը պատմությունից, բայց հենց հիմա այս հրապարակում կանգնած հայ երիտասարդն ամենազորեղ վկայությունն է այդ ձախողման»,- երթից առաջ հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սևակ Նազարյանը։

Նա շեշտեց, որ ջահերով այս երթն արդարության համար շարունակվող պայքարի խորհրդանիշն է։

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ջահերով երթը կազմակերպում է ամեն տարի՝ 1999 թվականից ի վեր։

Երթի մեկնարկից առաջ դաշնակցական երիտասարդներն ավանդաբար վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։