Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ։
Օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։