ԳլխավորԼուր

ՀՀ շախմատի հավաքականը ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի թիմի հետ

Գաբրիել Սարգսյան

Հայաստանի հավաքականը Հնդկաստանի համաշխարհային շախմատային օլիմպիադայում ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի թիմի հետ և 13 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը:

Գաբրիել Սարգսյանն առաջին խաղատախտակին հաղթեց Ֆաբիանո Կարուանուին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Սեմ Շեքլենդին։ Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը պարտվեցին համապատասխանաբար Ուեսլի Սոին ու Լենիեր Դոմինգեսին։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանին (2,5:1,5):

Հայ աղջիկները 7-րդ տուրում հաղթել են Իսրայելի թիմին (2,5:1,5): Միակ հաղթանակը տարել է Սուսաննա Գաբոյանը չորրորդ խաղատախտակի վրա: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել: Յոթ  տուրից հետո կանանց Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր։

Հիշեցնենք, որ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։

Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 10-ին։

Հավելենք, որ Հայաստանը 3 անգամ հաղթել է շախմատային օլիմպիադաներում (2006, 2008, 2012 թթ.)։